ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ' բանաձևը սենատին ներկայացրեց սենատոր Քևին դե-Լեոնը' նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով: «Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալ ազատ-անկախ հայրենիք' չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,- նշեց սենատորը: Բանաձևի օգտին ելույթ ունեցան նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան:

 

2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին օրինագիծը, որը խրախուսում և աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին եւ կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին' սատարել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարական անկախությանը: Բանաձևի հեղինակն է ամերիկացի կոնգրեսական Մայք Գատոն:

 

Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 2014 թվականի հունվարին նահանգի ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը' որպես անկախ և ինքնիշխան պետություն: Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ' Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը:

 

2013 թվականի ապրիլի 10-ին և մայիսի 5-ին ԼՂՀ անկախությունը հատուկ բանաձևով ճանաչել են համապատասխանաբար Մեյն և Լուիզիանա նահանգների օրենսդիր մարմինները' կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին' «աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը, ժողովրդավար անկախությանը եւ միջազգային հանրության կառուցողական ջանքերին' ուղղված ԼՂՀ-ի ներգրավմանը' այդ կարևոր տարածաշրջանում հասնելու տևական հակամարտության արդար եւ երկարաժամկետ լուծմանը»: 2012 թվականի մայիսի 17-ին Ռոդ Այլնդի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև, իսկ 2012 թվականի օգո ստոսի 6-ին նույնանման որոշում էր ընդունել Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը: Մերիլենդ նահանգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ցիտել է իր պաշտոնական բանաձևերից մեկում: