Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը որեւէ հիմք չի տեսնում, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը կբերի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի մեկնարկի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դեմոյանը Նալբանդյանի այցելությունը որակեց մասնավոր բնույթի արարողակարգային մասնակցություն, որը չի կարող որեւէ այլ ազդեցություն ունենալ եւ փոփոխություն բերել: «Եթե անգամ այդ մասնակցությունը լիներ նախագահի մակարդակով, չի կարող ընկալվել որպես հիմք հարաբերությունների կարգավորման նոր փուլի համար»,-ասաց Հայկ Դեմոյանը:

 

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ էլ, Նալբանդյանը Թուրքիա է մեկնում դիվանագիտական էթիկայից ելնելով: «Իհարկե կլինեն քննարկումներ առաջին հերթին կապված 2015թ. ապրիլի 24-ին Երեւան հնարավոր այցելության հետ կապված եւ այդ հանգամանքը ստուգելու համար Նալբանդյանը շփումներ կունենա թուրքական քաղաքագիտական շրջանակների հետ: Որեւէ այլ տեսակի զարգացումներ ես չեմ սպասում»,- ասաց Մինասյանը' հավելելով, որ չի բացառում, որ պահը դրական է նաեւ 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում անցկացվելիք արարողություններին մասնակցելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-հրավերը Թուրքիայի նախագահին հանձնելու համար:

 

«Պաշտոնական հրավերն արդեն հնչել է մի քանի ամիս առաջ, իսկ այս հանդիպումը լավ առիթ է հրավեր նամակը փոխանցելու համար: Շատ հաճախ այս կամ այն արարողակարգային միջոցառումների ժամանակ տարբեր գործիչներ երկրի նախագահին կամ արտգործնախարարին փոխանցում են իր երկրի հրավերները: Սա ընդունված մոտեցում է, եւ այս պահին այդ հարցի առնչությամբ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց Մինասյանը:

 

Քաղաքագետի գնահատմամբ, հրավեր անելուց եւ հատկապես հրավեր փոխանցելուց հետո գնդակը կրկին Թուրքիայի դաշտում է: «Այս տարի ապրիլի 23-ին Էրդողանը ելույթ ունեցավ եւ փորձեց գնդակը տեղափոխել Հայաստան, սակայն դրա պատասխանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերն էր: Այս պահին էլ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում եւ քարոզչական առումով Թուրքիայի շատ դժվար կլինի որեւէ ձեւով բացատրել, թե ինչու Էրդողանը չի մասնակցի եւ կմերժի հարաբերությունների կարգավորումը, այն պարագայում, երբ Հայաստանը փորձում է կրկին ինչ-որ դուռ բացել Թուրքի այի հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

 

Օգոստոսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: Թուրքական լրատվամիջոցները չեն բացառում, որ արարողության ժամանակ Նալբանդյանը Էրդողանին կհանձնի 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում անցկացվելիք արարողություններին մասնակցելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-հրավերը: Թուրքիայի վարչապետի գրասենյակից և արտգործնախարարությունից ստացած տվյալների համաձայն' Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական հանդիպումներ կունենա Անկարա կատարելիք իր առաջին այցի շրջանակնե րում: