Այս տարվա առաջին կեսին Ռուսաստանից Ադրբեջան է այցելել 361 հազար քաղաքացի, ինչը 13 տոկոսով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության (Ռոստուրիզմ) պաշտոնական կայքը:
Ըստ կայքի' անցյալ տարվա առաջին կեսին Ադրբեջան են այցելել ՌԴ 415 հազար քաղաքացիներ:
Նշվում է, որ 2014 թվականին Ռուսաստանից ամենաշատն այցելել են Ֆինլանդիա (2,195 մլն մարդ), Թուրքիա (1,794 մլն մարդ) եւ Ուկրաինա (1,593 մլն մարդ): Ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 17-րդ տեղը: Նշված ժամանակահատվածում Ադրբեջանից Ռուսաստան է այցելել 347 հազար զբոսաշրջիկ:
«Ռոստուրիզմ»-ը հայտնել է, որ այս տարվա առաջին կեսին Ռուսաստանից արտասահմանյան երկրներ մեկնած զբոսաշրջիկների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 տոկոսով նվազել է եւ կազմել 20,139 մլն մարդ: