Հայոց պատմական Անի մայրաքաղաքում թուրքական հետազոտական կենտրոնների կողմից այս տարի անցկացվող պեղումներն ավարտվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը:

 

Նա ասել է, որ պեղումները կշարունակվեն եկող տարի եւս: Նրա խոսքով` պեղումների ավարտից հետո (չի նշվում ժամկետը) ձեռնամուխ են լինելու «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիի Մայր տաճարի վերկառուցմանը, որի վերաբերյալ նախագիծը Թուրքիայի հուշարձանների խորհուրդն արդեն ստորագրել է:

 

«Մենք այդ աշխատանքները կսկսենք ամենակարճ ժամանակում», -ասել է Օզդեմիրը, ով չի թաքցրել, որ այդ աշխատանքներն իրենք կատարում են զբոսաշրջիկների հոսքը Անի մեծացնելու նպատակով:

 

Անիի Մայր տաճարը` Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցին, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Անիի Մայր տաճարն իր կոթողային ձեւերով եւ հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: Այն դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին:

 

Տաճարի 3D պատկերը կարելի է դիտել այստեղ: