Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սեպտեմբերի 10-ին 3 ականապատ մեքենաներ են պայթել, որոնց հետևանքով 9 մարդ զոհվել, ևս 29-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունները որոտացել են Նոր Բաղդադ թաղամասում: Անվտանգության ոլորտի աղբյուրների տեղեկացմամբ' 3 պայթյունները որոտացել են մի քանի րոպեի տարբերությամբ:

 

Պայթյունները համընկել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի Բաղդադ կատարած այցելության հետ:

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 10-ին հանդիպել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ՝ քննարկելով ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու ուղիները: Հանդիպումից հետո Քերին ողջունել է Իրաքի կառավարության հանձնառությունը:

 

Իրաքյան ուժերը շարունակում են երկրի տարբեր շրջաններում պայքարել ծայրահեղակնների դեմ՝ փորձելով վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:

 

ԻԼԻՊ-ը հսկողություն է հաստատել Իրաքի տարածքի մեկ երրորդի վրա: