Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք է դրել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նրա տիկնոջ՝ Սանդրա Ռուլովսի, ինչպես նաև նրա մոր ու տատիկի ունեցվածքի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Օթար Կախիձեն, կալանադրված ունեցվածքը ներառում է հողամասեր, տուն Թբիլիսիում և ավտոմեքենաներ:
«Ցավոք, ըստ օրենքի, մենք չենք կարող այդ որոշումը բողոքարկել վրացական դատարանում, ուստի կդիմենք մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարան: Կալանադրված ունեցվածքի թվում են Սաակաշվիլիի տատի հին ավտոմեքենան և նրա հողամասը»,- ասել է փաստաբանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Վրաստանի դատախազությունը մի քանի ամիս առաջ Սաակաշվիլիի նկատմամբ քրեական հետապնդում է սկսել պաշտոնեական լիազորությունները վերազանցելու և պետական միջոցները վատնելու մեղադրանքով:
Վրաստանում նախկին նախագահի հետախուզում է հայտարարված: Ներկայում Սահակաշվիլին ժամանակավորապես ապրում է ԱՄՆ-ում, որտեղ դասախոսական աշխատանք է կատարում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: