Ինչպիսին էլ լինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կարգավիճակը, դրա անվանումը չի փոխվելու: Այդ մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը' պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին:

 

«Համալիրի կարգավիճակը, անունը չի փոխվելու, մեկ անգամ ևս հաստատում եմ: Շփոթ կարող էր առաջացնել համալիրի նախկին սեփականատեր հանդիսացող կազմակերպության մամուլի խոսնակի քայլը, ով մամուլի ասուլիս էր հրավիրել ու եկել զինվորական համազգեստով' անելով իրականությանն ամենևին չհամապատասխանող հայտարարություններ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով' դեռևս 1999 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով է համալիրը վերանվանվել Կարեն Դեմիրճյանի անվան:

 

«Ցանկացած կազմակերպություն, որն իր տիրապետման ներքո կունենա կամ իր սեփականությանը կհանձնվի համալիրը, լինի մասնավոր, թե պետական, մեր պահանջը լինելու է հետևյալը, որ իր ֆիրմային անվանումը պետք է պարունակի հենց այդ բառերը' Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»,-նշեց նախարարը:

 

Ինչ վերաբերում է համալիրի հետագա ճակատագրին, ապա Դավիթ Հարությունյանը նշեց. «Այս պահի դրությամբ համալիրի նկատմամբ սեփականությունը Հայաստանի Հանրապետությունն է, բայց չենք պատրաստվում երկար պահպանել ՀՀ-ի ունեցած սեփականությունը:

 

Ունենք լուծման երկու ուղի. կամ գտնել կառավարիչ ու առաջարկել նախապայման, որ անվանումը պահպանեն, կամ ստեղծել պետական ոչ առևտրային կազմակերպություն' դրան հանձնելով համալիրը: Երկու դեպքում էլ պահպանելու ենք անունը, ինչը բխում է ՀՀ նախագահի 99 թվականի հրամանագրից»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամարգային համալիրի սեփականատեր «Բամօ» ընկերությունը պետության առջև ունեցած պարտքերի պատճառով համալիրը դրվել էր աճուրդի: Գնորդ չգտնվելու պատճառով այն հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին: