Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը:

 

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան: Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները քննարկմանը, նոր լուծումների նախանշմանն ու կուտակած փորձի փոխանակմանը նվիրված գիտաժողովին մասնակցում են ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի ռազմաբժշկական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ:

 

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով ներկաներին և մաղթելով բեղմնավոր աշխատանք, Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ գիտաժողովը կնպաստի Հայաստանի ռազմական բժշկության համակարգի արդյունավետ զարգացմանը, որի շարունակական արդիականացումը մեր երկրի պաշտպանական բարեփոխումների առաջնայնություններից է: «Ռազմական բժշկության ոլորտը մշտապես գտնվում է ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում:

 

Զարգացման համար մենք համագործակցում ենք դաշնակից և գործընկեր երկրների հետ: Մեզ օժանդակում է նաև Զինվորական բժիշկների հայկական նորաստեղծ ասոցիացիան: Մեր նպատակն է ստեղծել լիարժեք ու որակյալ, բժշկական նորագույն ձեռքբերումների վրա հիմնված ծառայություն»,- նշել է Պաշտպանության նախարարը:

 

Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ առողջապահության նախարար Ա. Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, ՀՀ ՊՆ խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը:

 

ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կայացման ու զարգացման, խաղաղ պայմաններում բանակային առողջապահության, ՌԴ, Գերմանիայի և Հունաստանի զինված ուժերի բժշկական ծառայությունների, ԱՄՆ-ում հոսպիտալային բուժման, դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների ժամանակ բուժապահովման կազմակերպման, հրազենային վնասվածքաբանության և այլ թեմաների վերաբերյալ գիտական զեկույցներով ելույթներ են ունեցել ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուներ, արտերկրից ժամանած հյուրեր:

 

Գիտաժողովի գործնական փուլում հոկտեմբերի 11-ին կանցկացվի ցուցադրական մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության և ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ներգրավմամբ' «Հակադիվերսիոն գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը» թեմայով: