Միլանում կայանալիք բանակցությունները կդառնան ուկրաինական հիմնախնդրի լուծմանն ուղղված հետագա գործողությունների բանալին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Փարիզում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

 

«Մենք այն կարծիքին ենք, որ Մինսկի համաձայնություններն ընդունելի են, բայց բոլոր կետերը պետք է ամբողջովին կատարվեն,- ասել է պետքարտուղարը:- Եվ ես ակնկալում եմ, որ Միլանի հանդիպումը թույլ կտա կոնկրետացնել գործողությունների հետագա կարգը, ինչպես նաեւ ցույց կտա, թե որ սպասումներն արդարացան եւ որոնք՝ ոչ»:

 

Հոկտեմբերի 16-17-ին «Ասիա-Եվրոպա» ֆորումի՝ Միլանում կայանալիք գագաթնաժողովում հնարավոր են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի հաղորդման՝ Քերին ասել է, թե աշխարհն ավելի անվտանգ կդառնա, եթե Մոսկվան եւ Վաշինգտոնը միասին աշխատեն:

 

«Այսօր մեր նպատակն է՝ ընդլայնել Ռուսաստանի հետ միասին աշխատելու հնարավորություններն այնտեղ, որտեղ կարող ենք, ի շահ մեր երկրների եւ այն երկրների, որոնց վերաբերում են այն գործողությունները, որոնք մենք որոշել ենք ձեռնարկել»,- նշել է Քերին:

 

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքները, նշել է, որ դրանք օգտակար էին:

 

«Տարաձայնությունները պահպանվում են, բայց ընդհանուր շահերից է բխում համաձայնությունների հասնելը»,- ասել է նա:

 

«Մենք քննարկեցինք մեծ թվով հարցեր՝ Ուկրաինայի, Իրաքի իրադրությունը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների հարցեր, հումանիտար բնույթի մի քանի հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի քաղաքացիների ճակատագրին»,- հավելել է Լավրովը: Կողմերը համաձայնել են, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կարող են ավելի արդյունավետորեն գործակցել ահաբեկչության դեմ մղվող պայքարում, որը, ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, գլխավոր սպառնալիքն է դառնում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում: