Ռուսաստանն այսուհետ Ուկրաինային պարտքով ոչինչ չի տա: Այս մասին Միլանում, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

ՌԴ նախագահը նշել է, որ գազամատակարարման վերաբերյալ բանակցություններում առաջընթաց է նկատվում: «Այո, մենք իսկապես մեծ ուշադրություն ենք դարձրել այդ հարցերին և այդտեղ առաջընթաց ունենք: Մենք ուկրաինացի գործընկերների հետ պայմանավորվել ենք գոնե ձմռան ընթացքում Ուկրաինա գազի արտահանումը վերականգնելու հարցում: Համաձայնեցրել ենք այդ պայմանավորվածության հետ կապված բոլոր կետերը»,- ասել է նա:

 

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն ընդառաջ է գնում Ուկրաինային մատակարարված գազի դիմաց կուտակված պարտքի հարցում: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԵՄ-ն կօգնի Ուկրաինային հաղթահարել ֆինանսական խնդիրները: «Մենք հասկանում ենք մեր ուկրաինացի գործընկերների ֆինանսական վիճակը: Տեսնում ենք, որ նրանք իսկապես խնդիրներ ունեն, նրանց մոտ «դրամարկղային ճեղքվածք» կա: Մենք ընդառաջ ենք գնացել Ուկրաինային նախկինում գազի սպառման դիմաց ունեցած պարտքի հարցում և հույս ունենք, որ մեր եվրոպացի գործընկերները, Եվրահանձնաժողովը կօգնեն Ուկրաինային հաղթահարել այդ «դրամարկղային ճեղքվածքը»»,- ասել է ՌԴ Նախագահը:

 

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանին Ուկրաինայի պարտքը անցնում է 10 միլիարդ դոլարը: