Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը կոչ է արել դատարանին դիմել երկրի ռազմական դատախազությանը հստակեցնելու' արդյոք «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ առնչվող հետախուզական փաստաթղթերը պետական գաղտնիք են, թե ոչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet Daily News-ը:

 

Ավելի վաղ Դինքի գործը քննող դատարանը երկու անգամ դիմել էր Ազգային հետախուզական ծառայությանը «խիստ գաղտնի» և «գաղտնի» որակված փաստաթղթերի համար, որոնք ծառայությունն արդեն ուղակել էր թուրքական մեջլիսի հատուկ հետաքննությունների հանձնաժոողովին: Ընդ որում, հետախուզական ծառայությունը չէր հայտնել' արդյոք այդ փաստաթղթերը պարունակում են պետական գաղտնիք, թե ոչ: Ավելի ուշ, սակայն, հետախուզական ծառայությունից նշել էին, որ հարցի պատասխանը ստանալու համար ճիշտ կլինի դիմել երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբ: Անդրադառնալով այդ փաստաթղթ երին Դինքի ընտանիքի փաստաբանները փաստել էին, որ մեջլիսին ուղարկված փաստաթղթերը պետք է հանձնվեին նաև իրենց:

 

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին' «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ' «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյանքները:

 

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012 թ-ի հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ:

 

Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: