ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը և ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպխատասխանից հետո, լրագրողների խնդրանքով պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նապխագահի նախաձեռնությամբ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նա նշել է.
«Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը։ Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից վերջին երեք ամսվա ընթացքում։ Դա ցույց է տալիս եռանախագահ երկրների հաստատակամությունը
շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործըթնացում առաջընթաց ապահովելու նպատակով։
Իսկ թե ինչու բանակցային գործընթացում առաջընթաց չկա, կարծում եմ' պարզ է բոլորի համար: Պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը և ոչ էլ եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ
առաջ, երկու քայլ ետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ ետ» սկզբունքով:
Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական կողմին՝ ցույց կտա ժամանակը»։
Հայաստանը մշտապես դրական է արտահայտվել եռանախագհ երկրների կողմից հանդիպումների, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով հանդիպումների, կազմակերպման վերաբերյալ և, ինչպես միշտ, մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը։”