Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին հերթական նիստն է գումարել: Նիստում քվեարկությամբ հավանություն է տրվել բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մնացական Թարյանի, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Կ արապետյանի, ինչպես նաև լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները որոշ վերապահումներ են ունեցել օրակարգի' Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին որոշման նախագծի հետ կապված, ինչի առնչությամբ նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը սպառիչ պարզաբանումներ է ներկայացրել, որից հետո ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել հայ մեծանուն պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երևան քաղաքի Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու մասին որոշմանը:
Երևանի ավագանին հաստատել է նաև Երևանի և ՌԴ Նովոսիբիրսկ և Կրասնոդար քաղաքների միջև կնքված փոխգործակցության և համագործակցության մասին համաձայնագրերը: Ավագանու հավանությանն են արժանացել նաև օրակարգում ընդգրկված բնակարանների անհատույց օտարման, ինչպես նաև հողամասերի գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ հարցերը:
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին: Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել նոյեմբերի 26-ին: