Ռուսաստանը, Ուկրաինան եւ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի լույս 31-ի գիշերը Բրյուսելում ստորագրել են գազի ձմեռային պլանին վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որը նախատեսում է Ուկրաինային ռուսական վառելիքի մատակարարումների վերսկսում մինչեւ 2015 թվականի մարտի վերջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ուկրաինան 5,3 մլրդ դոլարի պարտքից մինչեւ տարեվերջ մարում է 3,5 միլիարդը եւ «Գազպրոմ»-ից լրացուցիչ ծավալով գազ է գնում կանխավճարման պայմանով:

 

Համաձայնագիրն ստորագրել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը եւ Յուրի Պրոդանը, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի պատասխանատու Գյունտեր Էթինգերը: Բացի այդ, «Գազպրոմ»-ը եւ «Նավթոգազ Ուկրաինի»-ն ստորագրել են պարտավորագրի լրացումը՝ ամրագրելով մինչեւ մարտի վերջն ընկած ժամանակաշրջանում ռուսական գազի մատակարարման պայմանները: Փաստաթուղթն ստորագրել են «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ «Նավթոգազ»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլեւը:

 

Ինչպես հայտնել է Էթինգերը, Ռուսաստանը մինչեւ մարտի վերջն Ուկրաինային կտրամադրի 100 դոլարի զեղչ: Նովակը նշել է, որ Ուկրաինան հավաստել է միջոցների առկայությունը 4 մլրդ խորանարդ մետր գազ ներկրելու համար:

 

Իր հերթին «Գազպրոմ»-ի ղեկավարը հայտնել է, որ նոյեմբեր-դեկտեմբերին, ըստ նախնական գնահատումների, ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 378 դոլար:

 

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Ուկրաինայի էներգետիկայի նախարար Պրոդանը հայտնել է, որ ՌԴ-ից Ուկրաինային գազի մատակարարումը կսկսվի 1,45 մլրդ դոլարի չափով առաջին մասնաբաժնի վճարումից անմիջապես հետո:

 

«Ուկրաինան պատրաստ է առանց հապաղելու 1,451 մլրդ դոլար վճարել անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին եւ այս տարվա ապրիլ-մայիս-հունիսին մատակարարված գազի դիմաց»,- հայտարարել է Էթինգերը:

 

Նա նշել է Ուկրաինայի կողմից գազի վճարման համար միջոցների չորս հիմնական աղբյուրները: Դրանց թվում է Արժույթի միջազգային հիմնադրամի գործող ծրագիրը: Նաեւ ենթադրվում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որտեղ կներդրվի 3,1 մլրդ դոլար: Երրորդ աղբյուրը կլինի «Նավթոգազ» ընկերությունը, որը կօգտագործի իր պահուստները: Բացի այդ, ԵՄ-ն կշարունակի Ուկրաինային միջոցներ հատկացնել օգնության եվրոպական ծրագրի շրջանակներում:

 

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ԳԵրմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցների ընթացքում, որոնք նրանք հոկտեմբերի 30-ի երեկոյան անցկացրել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ, գոհունակություն են հայտնել Ուկրաինային ռուսական գազի մատակարարման հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ:

 

Ինչպես հավաստիացրել են Փարիզը եւ Բեռլինը, Եվրամիությունը արեւմտյան մյուս գործընկերների հետ միասին բոլոր ջանքերը կգործադրեն՝ «հեշտացնելու ձեռք բերված համաձայնության կատարումը»: