Ավստրալիան Սիեռա-Լեոնե կուղարկի իր բժիշկներին, որոնք կաշխատեն Էբոլա վիրուսով ախտահարված մարդկանց համար ստեղծվող հոսպիտալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հայտարարել Է երկրի վարչապետ Թոնի Աբոտը: Նա պարզաբանել է, որ Արեւմտյան Աֆրիկա ուղարկելու համար կամավորների հավաքագրմամբ զբաղվում Է Aspen Medical բժշկական ընկերությունը, որի հետ կառավարությունը համապատասխան պարտավորագիր է կնքել, եւ որ ավստրալացի բժիշկները կաշխատեն Մեծ Բրիտանիայի մասնագետների հետ միասին: Սիեռա Լեոնեում հոսպիտալի աշխատանքը կազմակերպելու համար երկիրը առաջիկա ութ ամսվա ընթացքում կհատկացնի 20 մլն դոլար:

 

Աբոտը չի հայտնել, թե քանի բժիշկ կուղեւորվի Արեւմտյան Աֆրիկա: «Ըստ մեր գնահատումների, Սիեռա Լեոնեի հոսպիտալում կաշխատի շուրջ 240 մարդ, բայց այն հիմնականում կհամալրվի տեղացի մասնագետներով, որոնց աջակցություն կցուցաբերեն այլ երկրներից ժամանած բժիշկներ, այդ թվում՝ ավստրալացի կամավորները»,-նշել Է վարչապետը:

 

Ավելի վաղ երկրի կառավարությունն անվտանգության նկատառումներով հրաժարվում Էր բուժանձնակազմ ուղարկել Աֆրիկա. Էբոլա տենդով հիվանդանալու դեպքում ավստրալացիները չեն կարողանա ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ստանալ, քանի որ հիվանդին Աֆրիկայից Ավստրալիա հասցնելու համար կպահանջվի առնվազն 30 ժամ այն դեպքում, երբ Էբոլա տենդով վարակված մարդուն անհրաժեշտ Է օգնություն ցուցաբերել առաջին 12 ժամվա ընթացքում: Սակայն նոյեմբերի 5-ին Աբոտը հայտնել Է, որ այդ խնդիրը հաջողվել Է լուծել Մեծ Բրիտանիայի հետ կայացած բանակցություններում, որն անհրաժեշտության դեպքում կընդունի վարակված ավստրալացիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: