Մարիուպոլում գնացքների երթեւեկությունը դադարեցված Է Կալչիկ գետով անցնող երկաթուղային կամրջի պայթեցման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 23-ին հայտնել Է Մարիուպոլի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը:

 

Պայթեցումը տեղի Է ունեցել դեկտեմբերի 23-ի գիշերը Երեւանի ժամանակով ժամը 03:40-ին: «Պայթյունի հետեւանքով վնասվել Է կամրջի հենարանը: Երկաթուղային կայարանի եւ ծովային նավահանգստի շրջանում գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես կասեցված Է: Զոհեր չկան»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ստեղծվել Է իշխանության, դատախազության, իրավական մարմինների ներկայացուցիչներից բաղկացած քաղաքային շտաբ, որը համապատասխան միջոցներ կձեռնարկի «պատահարի հետեւանքները վերացնելու եւ մեղսակից անձանց բացահայտելու համար»:

 

Մամուլի ծառայությունում նշել են, որ գնացքները ժամանակավորապես ուղեւորվում են մինչեւ Սարտանա կայարան, որտեղից կազմակերպվում Է ավտոբուսներով ուղեւորների փոխադրումը մինչեւ Մարիուպոլ:

 

Ինչպես հայտնել Է Դոնեցկի մարզի ներկայացուցիչ Վյաչեսլավ Աբրոսկինը, այդ պատահարը որակվում Է որպես ահաբեկչություն: «Այսօր գիշերը կատարվել Է Մարիուպոլում իրադրության ապակայունացման հանդուգն փորձ: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարզելու եւ ձերբակալելու բոլոր այն անձանց, ովքեր մեղսակից են ահաբեկչական այդ գործողության կատարմանը»,-հայտնել Է նա եւ հավելել, որ «առաջիկա օրերին տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: