Բոլոր հայերին թշնամի հայտարարած Ադրբեջանում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել: Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի U-17 ազգային հավաքականի ազգությամբ հայ մարզիկ Դավիթ Ղազարյանին թույլատրել են մասնակցել Բաքվում տեղի ունենալիք հանդիպմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը, այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղար Էլխան Մամեդովը' նշելով, որ «այդ ֆուտբոլիստի հետ կապված բովանդակալից հետազոտություն են անցկացրել»:
«Չնայած նա հայ է' Ռուսաստանի քաղաքացի է: Մենք դիմել ենք պատկան մարմիններին: Այդ հարցում որևէ խնդիր չի ծագելու»,- ասել է նա:
Մամեդովը նշել է, որ ազգությամբ հայ ֆուտբոլիստի' Բաքվում անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու:
«Մենք տեղեկացրել ենք պատկան մարմիններին: Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու: Նա Ադրբեջան մուտք է գործելու որպես Ռուսաստանի քաղաքացի»,- ասել է Մամեդովը:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի նախագահի կողմից աշխարհի բոլոր հայերին թշնամի հայտարարվելուց հետո առաջին անգամ Բաքուն շրջադարձ է կատարել հայատյացության մեջ: Մինչ այժմ միջազգային կազմակերպության պատվիրակության անդամ հայկական ազգանունով կամ ծագումով որեւէ հայի թույլ չէր տրվել մուտք գործել Ադրբեջան' անկախ այն բանից, թե որ երկրի քաղաքացի է նա: