2015թ. նոյեմբերի 9-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի անձնագրերը ետ ստանալու նոր դյուրացված ընթացակարգ վիզայի դիմումը բավարարված դիմումատուների, ինչպես նաև ներկայումս վիզա ունեցող և այն երկարաձգելու նպատակով նոր վիզայի դիմող քաղաքացիների համար: Նոր ծառայությունն անվճար է:

 

 

Նոյեմբերի 9-ից վիզա ստացողներն իրենց անձնագրերը (որտեղ փակցված է վիզան) ետ ստանալու համար ստիպված չեն լինի վերադառնալ ԱՄՆ դեսպանատուն: Այժմ նրանք կարող են իրենց վիզայով անձնագրերը ետ ստանալ Ամիրյան 27 հասցեում գտնվող ՅՈՒՄԱԿՍ ընկերության գրասենյակից, որը DHL ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում:

 

 

Հարցազրույցի ժամանակ դիմումը բավարարված դիմումատուներին էլեկտրոնային փոստով ծանուցվում է առ այն, որ վիզայով անձնագիրը կարելի է ստանալ Ամիրյան փողոցում գտնվող գրասենյակից: Անձնագիրը ետ ստանալու համար դիմողները կարող են լիազորել այլ անձի: Մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով այստեղ:

 

 

«Գիտենք, որ դեսպանատուն հասնելը հեշտ չէ, - ասում է ԱՄՆ հյուպատոս Ֆրենք Տուն, - հուսով ենք, որ այսպես դիմումատուների համար ավելի դյուրին կլինի: Առանց հավելյալ վճարման նրանք կկարողանան զբոսնելով գնալ ու ստանալ իրենց վիզայով անձնագիրը Ամիրյան փողոցում գտնվող DHL-ի գրասենյակից: Մենք ձգտում ենք վիզաների տրամադրման գործընթացն առավելագույնս պարզեցնել»:

 

 

Այն անձինք, ովքեր նախկինում ունեցել են վիզաներ ու բավարարում են առանց հարցազրույց անցնելու նոր վիզա ստանալու պահանջներին, կարող են վիզայի դիմումն ու պահանջվող միջնորդավճարը վճարելուց հետո իրենց փաստաթղթերի փաթեթը թողնել Ամիրյան փողոցում գտնվող DHL-ի գրասենյակում: Դիմումը բավարարելու դեպքում նրանց էլեկտրոնային փոստով կծանուցվի անձնագրի ետ ստացման ժամկետի մասին: Լրացուցիչ տեղեկություն այն մասին, թե ովքեր կարող են առանց հարցազրույց անցնելու նոր վիզա ստանալ կարելի է ստանալ՝ այցելելով այստեղ։

 

 

Հարցազրույցի ժամանակ դիմողից լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու պարագայում նույնպես դիմողը փաստաթղթերը կարող է հանձնել DHL-ի գրասենյակ՝ խուսափելով կրկին դեսպանատուն գալուց:

 

 

Այս փոփոխությունը կսկսի գործել նոյեմբերի 9-ից հետո նշանակված հարցազրույցների համար: DHL-ի գրասենյակում վճարում կատարել չի պահանջվում, այս ծառայության արժեքը ներառված է վիզայի միջնորդավճարի մեջ, որի չափը մնում է անփոփոխ: