Հայաստանում է Բեռլինում «Ցեղասպանություններից տուժածների հետ զորակցության միավորման» ներկայացուցիչ Ռեջեփ Մարաշլը, ով վերջերս հրատարակել է «Հայ ազգային դեմոկրատական շարժումները և 1915թ. ցեղասպանությունը» գիրքը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը պատմեց, որ գրքի հեղինակը մոր կողմից քուրդ է, իսկ հայրական կողմից թուրք: Թուրքիայում նա երկար տարիներ անցկացրել է բանտերում ու զնդաններում: Նա համարվել է քաղաքական բանտարկյալ:

«Գիրքը գրել է բանտից դուրս գալուց հետո: Իսկ դրա պատճառով բանտում կրկին չհայտնվելու համար լքել է Թուրքիան և ապրում է Գերմանիայում: Նա ուղնուծուծով ազնիվ ու անկեղծ անձնավորություն է»,- ասաց Սարգիս Հացպանյանը:

Ռեջեփ Մարաշլը նշեց, որ կազմակերպությունը ինքը ստեղծել է իր քուրդ մտավորական ընկերների հետ: Նպատակը մեկն է՝ առերեսել քուրդ ժողովրդին սեփական պատմության հետ: «Մենք գիտակցում ենք, որ մեր պապերը մասնակցել են Հայոց Ցեղասպանությանը: Միտքն առաջացավ այն ժամանակ, երբ ես ցանկացա իմանալ, թե արդյոք իմ պապն ու տատը մասնակցել են այդ ջարդերին ու թալանին, թե նրանք հանգիստ նստել են իրենց տանը և անտարբերություն ցուցաբերել, գուցե օգնել են հայերին: Բայց Հայոց Ցեղասպանության հարցը հասարակական խնդիր է, յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվությունը, չի կարելի միայն պետության վրա մեղքը գցել»,-ասաց նա և ավելացրեց, որ իրենց կազմակերպությունը ամեն տարի գալիս է Հայաստան ու ներողություն խնդրում հայ ժողովրդին ցեղասպանության իրագործման մասնակից լինելու համար:

Ռեջեփ Մարաշլը ընդգծեց, որ երկու ժողովուրդների միջև երկխոսությունը հարցի շուրջ շատ կարևոր է, քանի որ օտար երկրներում իրար հետ շփվում են ցեղասպանությունից տուժածի թոռն ու իրականացնողի թոռը:

Հարցին, թե քրդերն այսօր բարձրացնում են Քուրդիստան ստեղծելու հարցը, ինչը իրենց պահանջով պետք է գտնվի Արևմտյան Հայաստանի տարածքում, այդ դեպքում ինչպե՞ս կարող են երկու ազգերը հաշտության գալ, նա պատասխանեց. «Մենք շատ լավ գիտենք, որ դա Արևմտյան Հայաստանն է և ցեղասպանության պատճառով է, որ հայերը ներկայումս այդ տարածքում չեն: Սա անքննելի է և շատ են այն մարդիկ, որ իմ նման են մտածում: Ես նրանցից եմ, որ կարծում եմ չի կարող լինել Քուրդիստան, առանց այդ տարածքների վերադարձումը Հայաստանին: Ուզում եմ, որ հայերը և քրդերը, նրանց կողմից ստեղծված կազմակերպությունները իրար հետ երկխոսեն, հարաբերությունները ջերմանան, որ մարդիկ հասկանան թե ինչ են ուզում ու լուծումներ գտնեն»,-ասաց նա: