Արամի 72-76 հասցեներում գտնվող շենքը կօտարվի «Դե ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին և ծրագրի շահառուներին տարածքներ կտրամադրվի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում գտնվող անավարտ շենքից, որը նույնպես պատկանում է վերը նշված ընկերությանը, ինչպես նաև Արամի 72-76 հասցեներում կառուցված շենքից։ Այսօր նման որոշում է կայացրել կառավարությունը՝ հաշվի առնելով Երևանի Արամի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքի կորստի վերականգնման նպատակով ՀՀ վարչապետի 2012 թ.-ի մարտի 2-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները։

Նշենք, որ բնակարանային այս խարդախությունների կապակցությամբ նաեւ հարուցվել է քրեական գործ, որը ներկայումս գտնվում է դատարանում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շահառուների մեծամասնությունը համաձայն է այս որոշման հետ, սակայն կլինեն մարդիկ, ովքեր համաձայն չեն լինի։ Եվ քանի որ նման անբարեխիղճ կառուցապատողներ դարձյալ կարող են լինել, վարչապետն առաջարկել է, որպեսզի իր ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը շարունակի աշխատանքը' հնարավոր մյուս դեպքերին ևս լուծում տալու համար։

Ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, վարչապետն ընդգծել է, որ բացահայտված այս դեպքերը, երբ մեկն սկսում է բնակչությունից փող հավաքել ինչ-ինչ խոստումներ տալով, ոչնչով չեն տարբերվում բանկային գործառույթներից, վերջիններս, սակայն, հսկվում են։ Վարչապետն առաջարկել է համանման հսկողական մեխանիզմ կիրառել նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր հրապարակային օֆերտայով մարդկանցից փող են հավաքում։ Նշվել է նաև, որ, բացի այդ, քաղաքացիներին պետք է կոչ անել, որպեսզի խուսափեն նման գործարքներից և խաբեբաների ձեռքն ընկնելուց։

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացում, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության իրավաբանական ծառայության և «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ գնորդի միջև կայացած բանակցության ընթացքում։ Նոր պայմանագրում փոխվել է ինչպես պարտավորության կատարման ժամկետը, այնպես էլ պարտավորության չկատարման դեպքում սահմանվել են տույժ-տուգանքներ։

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թ.թ. կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով ՀՀ անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին 2013 թ.-ին «Երևան» հիմնադրամին վճարվել է 13,5 մլն դրամ, որը հատկացվելու է իրացման ծրագրերից տուժած առանձին իրավատերերի 2013 թ. ընթացքում սոցիալական օգնություն տրամադրելու համար։

Փաստինֆո