Արդեն 30 տարի է, ինչ մայիսի 3-րդ կիրակի օրն ամբողջ աշխարհը հիշատակում է ՁԻԱՀ-ից մահացածներին: Այս տարի օրվա խորհդրով միջոցառում կազմակերպվեց նաև Գյումրիում: «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ երեկոյան տեղի ունեցավ նախ երթ' Ռիժկովի ճեմափողոցից դեպի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բակ: Իսկ այստեղ ակցիայի մասնակից երիտասարդներն ու պատանիները մոմավառություն էին կազմակերպել:

Մոմավառությունը խորհուրդ է հարգանքի, համերաշխության և հանդուրժողականության:

Ակցիան միաժամանակ մեկնարկել էր Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում:

«Մենք կանխարգելիչ ծրագրեր ենք իրականացնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի շրջանակներում: Կարևորում ենք, որ յուրաքանչյուր անհատ իմանա հիվանդության բացասական երևույթների մասին, և միևնույն ժամանակ լինի հանդուրժող տվյալ հիվանդների հանդեպ, քանզի առանց այն էլ հայ հասարակությունը սիրում է պիտակավորել մարդուն: Բայց հիվանդություն ունեցող մարդուն պետք չէ վերաբերվել խտրականորեն»,- Լուրեր.com-ին փոխանցեց ակցիայի կազմակերպիչ Արմեն Մելիքջանյանը: