ԱՄՆ-ի հարավում, որտեղ երկու օր է՝ շարունակվում են փոթորիկները, տարերքի զոհերի թիվը հասել է 21-ի: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ապրիլի 28-ին տոռնադոն պատուհասել է Միսիսիպիի նահանգի Տյուպելո քաղաքը: Այդ բնակավայրում, որը հայտնի է որպես երգիչ ու դերասան Էլվիս Պրեսլիի հայրենիք, զոհվել է առնվազն մեկ մարդ:

 

Ավելի վաղ Արկանզասում փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, Ալաբամայում՝ երկուսը եւ մեկական բնակիչ՝ Օկլահոմայում, Այովայում եւ Կանզասում: Տարերքը հարվածել է նաեւ Արեւմտյան Ջորջիայի եւ Թենեսիի նահանգներին: Վնասվել են հարյուրավոր տներ ու ձեռնարկություններ, էլեկտրահաղորդման գծեր եւ գազատարներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր: Տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել:

 

Արտակարգ իրավիճակի հետեւանքները վերացնելու համար ներգրավվել են Ազգային գվարդիայի ուժեր: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ տոռնադոների սպառնալիքը կպահպանվի եւս մի քանի օր: