Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների պալատը Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների համար հատուկ նիստ է հրավիրել: Ինչպես հաղորդում է թուրքական HaberTurk լրատվամիջոցը, նիստի ժամանակ վարչապետի խորհրդականի օգնական Իբրահիմ Քալընը և արտգործնախարարության խորհրդականի օգնական Էրդողան Իշջանը քննարկման են ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացվելիք հայկական կողմի միջոցառումները և Անկարայի կողմից դրանց ուղղված հակաքայլերը:

 

Արտաքին հարաբերությունների պալատի ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենք պետք է նույն ձևով պատասխանեն հայերի կողմից Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարահանելու նախաձեռնությանը: Որպես այդպիսին, նրանք հայտնել են, որ թուրքական կողմը նկարահանելու է մի ֆիլմ, որը կրելու է «Մեր սրտի խոցը» անվանումը: Նկարահանումները, որոնք տեղի են ունենալու Իգդիրում, կմեկնարկեն մի քանի ամսից: Ֆիլմի նման անվանումը, սակայն, հավանության չի արժանացել Ազգանական շարժում կուսակցության անդամ Սինան Օղանի կողմից, ով նկատել է, որ նման վերնագիրն ավելի շատ սազական է սիրային պատմություն պատմող, և ոչ թե հայկական հարցի մասին ֆիլմին:

 

Թուրքական պարբերականը նշել է, որ հայկական լոբբին հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին առաջարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաշխարհային հնչեղություն ունեցող ֆիլմ նկարահանել: Որպես ֆիլմի գլխավոր հերոս Կոմիտասին մարմնավորող դերասան շրջանառվում է Ալեն Դելոնի անունը: Թուրքական պարբերականի հավաստմամբ` ֆիլմի երաժշտության հեղինակը հայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն է: