Հուլիսի 7-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Հ-27 միջհամայնքային ավտոճանապարհին' Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Միցուբիշի Պաջեռո»-ն բախվել է «Դայվու» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջեռոն» ընկել է գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի Իո» մակնիշի 34 DV 986 (վարորդ' Մ. Հ.) և «Դայվու» մակնիշի 077 LD 61 (վարորդ' Տ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Միցուբիշի Իո»-ն ընկել է Մարմարիկ գետը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Մ. Հ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն' դուրս է գրվել:

 

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից: