Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հուլիսի 17-ին հանդիպել է Եգիպտոսի Նախագահ Աբդ Ալ Ֆաթթահ աս Սիսիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հանդիպումը տեղի է ունեցել Կահիերում, որի ընթացքում քննարկվել են իսրայելա-պաղեստինյան հարցում իրավիճակի վերաբերյալ հարցեր: Հանդիպման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

 

Դրան զուհագեռ, զինադադարի կնքումից 5 ժամ հետո Իսրայելի ուղղությամբ վերսկվել է հրթիռակոծությունը: Հրթիռներից մեկն ընկել է Աշկելոն քաղաքում, որը գտնվում է Իսրայելի հարավում: Իսրայելական բանակի տեղեկություններով' դրա հետևանքով իսրայելցի զինվոր է վիրավորվել:

 

Պաղեստինյան լրատվամիջոցներն իրենց հերթին տեղեկացնում են, որ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածի ռմբակոծությունը:

 

Արդեն տասներորդ օրն է, Գազայի հատվածում շարունակվում են ռազմական գործողությունները: Վերջին տեղեկությունների համաձայն՝ այդտեղ զոհերի թիվը հասել է 230-ի, մինչդեռ իսրայելական կողմից հայտարարվել է մեկ զոհի և 20-ից ավելի վիրավորների մասին: