Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքը դատախազության չապացուցված մեղադրանքներին պատասխանելու և բանտում նստելու ժամանակ չունի: «Ժամանեմ Վրաստան՝ բավարարելու համար ռուսաստանցի օլիգարխ Իվանիշվիլիի ցանկությու՞նը:

 

Ես դրա ժամանակը չունեմ ժամանեմ Վրաստան, զնդան նստեմ և հրաժարվե՞մ այն ամենից, ինչով այժմ զբաղվում եմ»,- Վաշավայից հայտարարել է Սահակաշվիլին Վրաստանի հեռուստաալիքների եթերում, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

 

Վրաստանում ներկայումս Սահակաշվիլիին հեռակա առաջադրվել են պաշտոնեական լիազորությունների վերազանցման մեղադրանքներ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ակցիայի ցրման, «Իմեդի» հեռուստաընկերության ավերման և Բադրի Պատարկացիշվիլիի հեռուստաընկերության բռնագրավման գործով և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի կազմակերպման գործով:

 

Թբիլիսիի քաղաքային դատարանն օգոստոսի լույս 2-ի գիշերը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը և հեռակա ընտրել է նախնական կալանքը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համար, հաղորդել Նովոստի-Գրուզիան: