«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է օրվա առավել ուշագրավ նորությունները.


Հրդեհ Արագածոտնի մարզում

 

Օգոստոսի 23-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում այրվում է ոչ բնակելի տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 9-րդ փողոցի պատկանող թիվ 4 տան բակում' հացատանը, այրվել է կուտակված աթար (10 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը' 15 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.39-ին, մարվել' 05.19-ին:

 

***

 

Կարեն Պետրոսյանի սպանությունը եզակի դեպք չէ. Շավարշ Քոչարյան

 

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարարության բողոքին՝ Կարեն Պետրոսյանի սպանությունը քննադատող միջազգային արձագանքների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ պատասխանելով «Առաջին լրատվական» ծրագրի հարցին՝ Շավարշ Քոչարյանը նշել է, որ նման անհիմն և անպատասխանատու հայտարարություններով Բաքուն հերթական անհաջող փորձն է ձե ռնարկում' քողարկելու մարդկանց կյանքի նկատմամբ իր արհամարհական ու քարանձավային վերաբերմունքը։

Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարության բողոքը' Կարեն Պետրոսյանի սպանությունը քննադատող միջազգային արձագանքների կապակցությամբ, Շավարշ Քոչարյանը նշել է. «Նման անհիմն և անպատասխանատու հայտարարություններով Բաքուն հերթական անհաջող փորձն է ձեռնարկում' քողարկելու մարդկանց կյանքի նկատմամբ իր արհամարհական ու քարանձավային վերաբերմունքը։

Ցավոք, Կարեն Պետրոսյանի սպանությունը եզակի դեպք չէ։ Անհնար է մոռացության մատնել նույն կերպ գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի, Հայրենիք վերադառնալուց հետո Ադրբեջանում կտտանքների ենթարկվելու արդյունքում մահացած Մամիկոն Խոջոյանի պատմությունները։

Կարեն Պետրոսյանի սպանության ակնհայտ փաստերը հերքելու անհաջող փորձերը իրականացվում են նույն ավանդական դարձած ոճով, որով Ադրբեջանի իշխանությունները հերքում են միջազգային հանրության արձագանքները' Ադրբեջանում ակտիվիստների հալածանքների վերաբերյալ։ Տարբերությունն այն է, որ այլակարծիք քաղաքացիներին մեղադրում են հայերի լրտես լինելու մեջ, իսկ քննադատող միջազգային կառույցներին և երկրներին մեղադրում են հայերի ազդեցության տակ լինելու մեջ։ Այդպիսի մեղադրանքները կրկին անգամ վկայում են Ադրբեջանի ներկայիս իշխանությունների հայատյաց էությ ան մասին։

Կարեն Պետրոսյանի սպանությունը շատ նմանություններ ունի մի քանի օր առաջ ծայրահեղականների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի դաժան սպանության հետ, որին հրապարակայնորեն նվաստացրին, ապա սպանեցին: Միակ տարբերությունն այն է, որ Հայաստանի քաղաքացու սպանությունը հրապարակային չէր, այլ հենց այնպես, ինչպես գիշերվա քողի տակ գաղտնագողի կացնահարվեց Գուրգեն Մարգարյանը, իսկ ոճրագործը հերոսացվեց Ադրբեջանում։

Իրերն իրենց անունով կոչողներին մեղադրելու փոխարեն'Բաքվի իշխանությունները պետք է հասկանան, որ նման բարբարոսական մեթոդներով գործելը իրենց երկիրը տանում է դեպի միջնադարյան անդունդ»։

 

***

 

Հայաստանում այս տարի արձանագրվել է սնկային թունավորման 20 դեպք

 

Հայաստանում 2014թ. ընթացքում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման' բոտուլիզմի 4 դեպք' 6 տուժածով, մահվան ելքով դեպք չի արձանագրվել: Թունավորումների պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում:

Ընթացիկ տարում արձանագրվել է սնկային թունավորման 20 դեպք' 29 տուժածով, որից 8-ը մինչև 14 տարեկան երեխաներ են։ Թունավորման պատճառ է դարձել թունավորվածների կողմից հավաքված սնկերի օգտագործումը։ Դեպքերը հիմնականում արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզերում:

Թունավորման նախնական ախտանշաններն են' սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, բոտուլիզմի դեպքում՝ երկտեսություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), ռնգախոսություն և այլն: Առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

Թունավորումներից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես' արագ փչացող սննդամթերք, սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և այլն) օգտագործելուց առաջ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը), հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, սննդամթերքը պահել փակ տարաներու մ' ճանճերից աղտոտումը կանխարգելելու նպատակով, չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և ոռոգման ջրանցքներում, խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման' եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից։

 

***

 

Բաքվում հզոր պայթյուն է տեղի ունեցել

 

Բաքվի շրջանաձեւ ավտոմայրուղում օգոստոսի 22-ի երեկոյան բենզատար ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել: Տարածքով անցնող բարձրավոլտ հաղորդալարերը շարքից դուրս են եկել, ինչի հետեւանքով պայթել է նաեւ Բաքվի կեսը սնուցող էլեկտրաենթակայանը: Ամբողջ գիշեր Բաքվի մեծ մասը խավարի մեջ է եղել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով բենզինը տարածվել է 200 մ տրամագծով տարածքով եւ ուժգին հրդեհ առաջացրել: Միջադեպի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ մեքենաներ, փրկարարներ եւ շտապ օգնության մեքենաներ: Զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում:

 

***

 

Մի դույլ սառը ջուր լցրեք ձեզ վրա. Շամշյանի խորհուրդը' պաշտոնյաներին

 

Սառցե դույլ ակցիային միացել է Գագիկ Շամշյանը:

«Մի դույլ սառը ջուր լցրեք ձեր վրա». Շամշյանի խորհուրդը' պաշտոնյաներին

 

 

***

 

Էրդողան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

 

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմանի օրակարգային որոշ ակտուալ, այդ թվում' էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրագործման հետ կապված հարցեր: Նախագահներն ընդգծել են տարբեր բնագավառներում ռուս-թուրքական համագործակցության հետագա ընդլյանման մեջ փոխադարձ հետաքրքրությունը:

 

***

 

Պատերազմի վերսկսումը մեզ կբերի նոր հաղթանակի. Մովսես Հակոբյան

 

«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ամեն օր պատրաստվում եմ պատերազմի, և ինձ համար օրը բացվում կամ ավարտվում է պատերազմին պատրաստ լինելու: Իմ և իմ ենթակաների գործունեությունն ամեն օր ուղղված է դրան»: Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:

«Ամեն օր երեկոյան անվանականչի ժամանակ ամեն մարդ պետք է ճշտի՝ ով ինչ է անելու պատերազմը սկսելու ժամանակ: Բոլոր դեպքերում, երբ պատերազմի վերսկսման վտանգ լինի, ես տեղյակ կլինեմ և հնարավորություն կունենամ դրան նախապատրաստվել, ավելի լավ, քան այսօր, որովհետև որոշակի միջոցառումներ մենք իրականացնելու ենք պատերազմի վտանգի նախաշեմին»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանի խոսքով' պատերազմի վերսկսումը մեզ նորից բերելու է նոր հաղթանակի:

«Ուրիշ բան ես չեմ ակնկալում, և իմ զինվորը այսօր դրան է պատրաստ»,- ասաց Հակոբյանը:

 

***

 

Անցած շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց

 

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

***

 

Լևոն Հայրապետյանի վիճակը կալանավայրում վատթարացել է. Մացակ Փոլադյան

 

Ռուսաստանում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայարապետյանի առողջական վիճակը վատթարանում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց գործարարի ընկեր Մացակ Փոլադյանը: Հայրապետյանը տառապում է սրտային առիթմիայով և սրտանոթային անբավարարությամբ, աղեստա մոքսային հիվանդությամբ, քաղցկեղով: Փաստաբանները խնդրում են նրան ազատ արձակել գրավի դիմաց: Հայրապետյանն այժմ բանտի հիվանդանոցում է, ուր, Փոլադյանի խոսքով, համապատասխան բուժում չի ստանում և անգամ դեղամիջոցները չեն բավարարում:

«Այդ հիվանդանոցում առհասարակ գաղափար անգամ չունեն այն հիվանդություններից, որ Լևոնն ունի: Նրա առողջականն այնքան է վատթարացել, որ անգամ չգիտենք' քաղաքացիական հիվանդանոցում նրան կկարողանան բուժել, թե' ոչ: Կրկին ասում եմ' ինքը մեկ խնդիր չունի, մի քանիսն են' սիրտ, ստմոքս, բարձրացել է ճնշումը: Ինձ համար, որպես տարիներով նրան հետևած և նրա առողջությանը քաջածանոթ բժշկի, մինչև այսօր նրա դիմանալն արդեն հերոսություն է: Եթե այս երկու օրը չտեղափոխվեց քաղաքացիական կարգին հիվանդանոց, դժվար թե նրա կյանքը կարողանանք փրկել»,- նշեց նա:

Փոլադյանը նաև հայտնեց, որ մի քանի բարեխիղճ մարդիկ, բարեկամներ խոստացել են օգնել նրան տեղափոխել հիվանդանոց:

Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու կոչով օգոստոսի 22-ին բողոքի ակցիա էր կազմակերպվել Նյու Յորքում ՌԴ հյուպատոսության շենքի առաջ: Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը համոզված է, որ իր պաշտպանյալն անմեղ է և պատրաստակամ է մինչև վերջ պայքարել նրա ազատության համար:

65-ամյա ձեռնարկատերը ձերբակալվել Է հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանի օդանավասանդուղքի մոտ, որտեղ նա ժամաել Էր Նիցցայից: այազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

 

***

 

Իրաքի մզկիթներից մեկում ռազմական գործողությունների հետևանքով 65 մարդ է մահացել

 

Ռազմական գործողությունները չեն դադարում Իրաքում եւ օրեցօր ավելի ծայրահեղ բնույթ են ստանում: Հերթական պայթյունն է տեղի է ունեցել Իրաքի հարավային շրջանում գործող սունիական մզկիթում, ինչի հետեւանքով ավելի քան 65 քաղաքացի է զոհվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, զինված անձինք ներխուժել են մզկիթ երեկոյան աղոթքի ժամանակ եւ կրակ բացել: Վիրավորների մասին տեղեկատվություն առայժմ չի հրապարակվում:

Մզկիթում կատարվածի վերաբերյալ սունի առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ եւ կատարվածի համար մեղադրել շիա խմբավորման զինյալներին: Սունիները վստահ են, որ հարձակումը վրեժխնդրության հետեւանք է: Այս հարձակումից հետո սունիական երկու պատկառելի խորհրդարանական խմբեր, ովքեր մեծ հարգանք եւ վստահություն են վայելում իրենց նահանգներում, դադարեցրել են իրենց մասնակցությունը բանակցություններին, որոնց նպատակն էր ստեղծել նոր կառավարություն-ներկայացուցչություն: Նախաձեռնությունը Իրաքի նոր վարչապետ Հայդեր Ալ-Աբադինն է, ով փորձում է սուիների եւ քրդերի միջոցով ստեղծել միություն, որպեսզի կարողանան երկիրը միավորել ընդդեմ «Իսլամական պետության» զինյալների:

 

***

 

Անգելա Մերկելը կայցելի Կիև

 

Ուկրաինական կողմի հրավերով օրվա երկրորդ կեսին Կիեւ կժամանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները, կանցլերը կհանդիպի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ վա րչապետ Արսենի Յացենյուկի հետ:

Մերկելի մամուլի խոսնակ Շտեֆենա Զիբերտան հայտարարել է, որ Մերկելը կհանդիպի նաեւ Հարավային Ուկրաինայի ներկայացուցիչների եւ Ղրիմի թաթարների հետ:

Նախագահ Պորոշենկոյի հետ Մերկելը կքննարկի կրակի երկկողմ դադարեցման հարցը: Մերկելի մամուլի խոսնակը շեշտել է, որ Գերմանիայում կարծում են, թե կրակի դադարեցումը խաղաղ բանակցությունների մեկնարկի հիմք պետք է դառնա: Հանդիպմանը չի շրջանցվի նաեւ Գերմանիայի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացման հարցը: Զիբերտան ընդգծել է, որ Մերկելը ցանկություն է հայտնել քննարկել ֆինանսական աջակցության կոնկրետ ձեւաչափեր:

 

***

 

Հայ հաքերները Թուրքիային հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պարտքի մասին

 

«Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակ» հայկական հաքերային խումբը 360 թուրքական կայք է կոտրել' կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից: Հաքերները Հայոց ցեղասպանության մասին պատմող համապարփակ տեղեկատվություն, լուսանկարներ և շուրջ մեկ տասնյակ վավերագրական տեսաֆիլմեր են տեղադրել հարձակման ենթարկված կայքերում' կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մարտիրոսյանի խոսքով' հարձակումն իրագործած հաքերային խումբը վերջերս է ձևավորվել և գնալով ավելի ու ավելի է ակտիվանում: Հուլիս-օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում բախումների ակտիվացմանը զուգահեռ ինտենսիվացել էին նաև կիբեր հարձակումները հայ և արդբեջանցի հաքերների կողմից, այս խումբը կոտրել էր տասնյակ ադրբեջանական կայքեր:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի' 1915թ. մայիսի 24 համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Թուրքիան շարունակում է ամեն կերպ' պատմության նենգափոխում, քարոզչական միջոցներ, լոբբի և այլն, պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

 

***

 

ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում մանրամսն հետաքննել Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան նման դեպքերը

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադարձել է ԶԼՄ-ի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով և Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ ռուսասատանյան կողմի դիրքորոշման վերաբերյալ հետըյալ հարցին. «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունները, որոնք Ռուսաստանի հետ մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մեջ, վերջերս հանդես են եկել Կարեն Պետրոսյանի զոհվելու փաստի մասին հայտարարություններով, որոնք մեծ արձագանք են գտել: Իսկ ինչպիսի՞ն է ռուսաստանյան կողմի դիրքորոշումը»:

Ինչպես տեղեկացմում է «Արմենպրես»6-ը՝ վվկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, Ալեքսանդր Լուկաշևիչը նշել է. «Մենք խորապես ցավում ենք այ կապակցությամբ, որ ԼՂ հակամարտության չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, մարդկանց մահերով, և ոչ միայն զինված բախումների ժամանակ:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կ.Պետրոսյանի հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև իրենց կյանքը կորցրած մյուս հայերին և ադրբեջանցիներին: Անհրաժեշտ ենք համարում նման կարգի միջադեպերի մանրամասն հետաքննությունը:

Կոչ ենք անում կողմերին գործնականում իրագործել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների 2010 թվականի հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ զոհվածների մարմինների վերադարձի վերաբերյալ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 7-ին Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»:

Նախնական տվյալներով՝ Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական և պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները, իբր, պարզում են հայ գերու մահվան իրական պա տճառը:

Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից:

«Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռևս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել», -ասել էր Սաղոյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել էին, որ գերեվարված անձը 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանն է: