Ինչպես 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ նախընտրական շտաբում, այնպես էլ՝ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալներից մեկը Լևոն Յոլյանն է: Այս մասին գրում է 168 ժամ թերթը ու նշում'նրա մասին հանրությանը քիչ բան է հայտնի. Լ. Յոլյանը Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալն է և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալը:Թե ինչով է զբաղվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լևոն Յոլյանը ՀՀԿ նախընտրական շտաբում, և թե ինչ է պատրաստվում նա անել այժմ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում, թերին չի հաջողվել պարզել, քանի որ պարոն Յոլյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ ինքը գերադասում է ոչ թե խոսել, այլ աշխատել:

Լևոն Յոլյանի հերթական ներգրավվածությունը Ս. Սարգսյանի նախընտրական շտաբում ուշադրության է արժանի այն առումով, որ վերջերս իշխանական վերնախավում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նախագահական ընտրություններից հետո, հնարավոր է՝ նա ընդգրկվի նոր ձևավորվելիք կառավարության կազմում: Չեն բացառում անգամ, որ նա զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Նման պնդումների համար հիմք է ծառայում այն, որ Լևոն Յոլյանը համարվում է նախագահ Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը, ով միևնույն ժամանակ՝ ունի պարկեշտ մարդու համարում, երբեք ներքաշված չի եղել որևէ ներիշխանական կամ այլ կարգի սկանդալների մեջ: