Ուելսում շարունակվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյան-Ջոն Քերի-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումն իր նշանակությամբ կարևոր է, պարունակում է դրական տարրեր, սակայն հանդիպման արդյունավետությունը պարզ կդառնա գագաթնաժողովի ավարտին փաստաթղթղի հրապարակումից հետո: Տեսակետը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, քաղաքագետն առանձնացնում է երկու դրական տարր, որոնք առանձնահատուկ են դարձնում եռակողմ հանդիպումը: «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է մասնակցելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած հանդիպման, և այդ առումով հանդիպումն ու Քերիի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, դրական են գնահատվում:

 

Ուելսի հանդիպումը կարևոր է նաև այն հանգամանքով, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ պետությունների մասնակցության մենաշնորհ չեղավ»,- ասաց Բեքարյանը' նկատի ունենալով այն հանգամանքը, որ օգոստոսի սկզբին ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ Սոչիում եռակողմ հանդիպումը կայացել էր ռուսական կողմի միջնորդությամբ:

 

Քաղաքագետն առաջարկում է սպասել մինչև գագաթնաժողովի ավարտն ու ընդունված փաստաթղթի հրապարակումը' պարզելու Քերիի հետ հանդիպման արդյունավետությունը: «Եթե ընդունված փաստաթուղթը պարունակելու է նույն դոգմատիկ արտահայտություններն, ինչ նախորդ տարիներին, երբ ՆԱՏՕ-ն աջակցություն էր հայտնում ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից տարածքային ամբողջականությանը, ապա հանդիպումը կկորցնի իր նշանակությունը»,- ասաց Բեքարյանը: