Վրաստանի պաշտպանության նոր նախարար է դարձել Մինդիյա Ջանելիձեն, ով մինչև նոյեմբերի 4-ը եղել է երկրի կառավարությանը կից Ճգնաժամային և անվտանգության կառավարման խորհրդի քարտուղարը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նոյեմբերի 5-ին հատուկ ճեպազրույցի ժամանակ Թբիլիսիում արված հայտարարությունը:
Ջանելիձեն պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Իրակլի Ալասանիային, ով 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի նոյեմբերի 4-ը զբաղեցրել է այդ պաշտոնը: Երեքշաթի երեկոյան վարչապետն ազատել է Ալասանիային զբաղեցրած պաշտոնից:
Այսպիսով՝ Ղարիբաշվիլին հայտնել է, որ Ջանելիձեն մասնագիտությամբ իրավաբան է: Նա ավարտել է Վրաստանի պետական անվտանգության նախարարության ակադեմիայի հակահետախուզության ֆակուլտետը, այնուհետ կրթություն ստացել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: 2000-ից 2012 թվականների ընթացքում աշխատել է երկրի հետախուզության բաժնում, այնուհետև ղեկավարել է Ներքին գործերի նախարարության հակահետախուզության բաժինը: