Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, ընդդիմության պահանջները կատարելով' հրաժարական տալու պատրաստակամություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավորությամբ, թուրքական ընդդիմությունը Էներգետիկայի նախարարին կոչ էր արել հեռանալ զբաղեցրած պաշտոնից' Քարամանի նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած վթարից հետո, որտեղ երկու մարդ զոհվել, 16-ն էլ համարվում են անհետ կորած:

 

«Իմ հրաժարականի մասին ընդդիմադիր կուսակցության կոչը խելամիտ է: Մի կարծեք, թե ես այդ քայլը չեմ գնահատել: Ես սկզբունքային մարդ եմ. յուրաքանչյուրը գիտի իշխանության նկատմամբ իմ վերաբերմունքը: Ես արդեն հրաժարականի մասին դիմում եմ ներկայացրել, մասնավորապես, Սոմայի ածխ ահանքում վթարից եւ Քարամանում տեղի ունեցած վթարից հետո:

 

Ընդդիմադիր կուսակցությունից գործընկերների առաջարկների հետ կապված ես մեկ անգամ եւս կխոսեմ վարչապետի հետ», -ընդգծել է նախարարը եւ հավելել, որ «հրաժարականն ամենահեշտ ճանապարհն է»:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հոկտեմբերի 28-ին Քարամանի ածխահանքում փլուզման արդյունքում մարդիկ են զոհվել եւ անհետ կորել: Սոմայի ածխահանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 350 մարդ զոհվել, մոտ 600-ն էլ վիրավորվել էին: