Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը դարձել է տառապած երեք ժողովրդի' հայերի, քրդերի և պաղեստինցիների կրած ցավի ընդհանուր խորհրդանիշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թարաֆ» պարբերականը, այս մասին իր հոդվածում գրում է թուրք պատմաբան Թ աներ Աքչամը' պատմելով օրերս Հարվարդի համալսարանում անցկացված քննարկման մասին:
Բոսթոնում գործող «Հրանտ Դինքի ընկերներ» կազմակերպության ղեկավար Հարի Բարսեղյանի և Հարվարդի համալսարանի պատմության բաժնի պրոֆեսոր Ջեմալ Քաֆադարի ջանքերով կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հրանտ Դինքի կինը' Ռաքելը: Իր ելույթի ժամանակ նա չի կարողացել զսպել արցունքները: Հիշատակելով Հրանտի սպանության մեղավորներին և հանցակիցներին, նա բարձրաձայնել է Հիսուսի խոսքերը. «Աստվա’ծ, ներիր նրանց, քանի որ չենք գիտակցել, թե ինչ են անում»:
Հարի Բարսեղյանը, ում հայրը ծնվել է Թուրքիայում, իր խոսքում շարունակ նշել է, որ թեպետ ծնվել է Բոսթոնում, բայց հայ է: Նա ընդգծել է, որ իր մեծագույն ցանկություններից մեկը հայ-թուրքական հաշտեցումն է և այն, որ թուրքերը տեղեկանան իրենց անցյալի մասին ու հասկանան հայերի ցավը:
Քննարկմանը «Առաջին համաշխարհային պատերազմի չապաքինված վերքերը. Հայաստան, Քրդստան և Պաղեստին» խորագրով ելույթ է ունեցել Կոլումբիայի համալսարանի մերձավորարևելյան հարցերով մասնագետ Ռաշիդ Խալիդին: Նա իր խոսքում նշել է, որ երեք ժողովուրդներն էլ մշտապես տառապել են. հայերը ցեղասպանության, իսկ քրդերն ու պաղեստինցիները շարունակ ճնշման և հետապնդումների են ենթարկվել:
Հարցը բերելով մինչև մեր օրեր' Խալիդին արձանագրել է, որ երեք ժողովրդի ցավն էլ մինչ օրս չի ճանաչվում: «Հայերն այլև չկան իրենց մայր հողերում, սակայն նրանց արդ արության փնտրտուքները մշտապես հերքվում են: Քրդերն ու պաղեստինցիները դեռևս շատ հեռու են պետություն հիմնելու իրավունք ձեռք բերելուց»,- նշել է Խալիդին' փաստելով, որ քանի դեռ այս ժողովուրդների իրավունքները ժխտվում են, տարածաշրջանում չի կարող խաղաղություն և կայունության հաստատվել:
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը, եզրափակելով իր հոդվածը' նաև Հարվարդի համալսարանում անցկացված քննարկման տպավորությունների վերաբերյալ, փաստել է, որ Դինքը դարձել է վերոնշյալ երեք ժողովդուրդների կրած ցավի և արդարության փնտրտուքների խորհրդանիշը: