Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեծ հարգանքով է վերաբերվում Ռուս ուղղափառ եկեղեցուն ու նրա հոգեւոր ավանդույթներին: Այս հայտարարությունը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քահանայապետն արել է Ստամբուլից Հռոմ մեկնող հատուկ ինքնաթիռում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Մենք Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ ցանկանում ենք հանդիպում անցկացնել, երկուսս էլ պատրաստվում ենք դրան: Մենք այդ ուղղությամբ շարժվում ենք պատասխանատվության զգացումով եւ բարի կամքով, բոլոր խոչընդոտները վերացնելու մտադրությամբ»,- ընդգծել է Հռոմի պապը:
Գնահատելով Անկարա եւ Ստամբուլ իր այցի եւ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ «եղբայրական շփման» արդյունքները, Ֆրանցիսկոս պապը կարեւորել է քրիստոնեական միասնությունն արդի աշխարհում եւ դրանում ուղղափառության դերը:
Հովվապետը Հռոմ է վերադարձել նոյեմբերի 30-ին, նրա ինքնաթիռը Թուրքիա եռօրյա առաքելական այցից հետո վայրէջք է կատարել Չամպինո օդանավակայանում: Ուղեւորության ընթացքում նա բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ հանդիպում է ունեցել Կոստանդնուպոլսի պատրիարքի հետ: Այցի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ դատապարտվել են ահաբեկչությունը, պատերազմը, բռնություններն ու քրիստոնյաների հալածանքները:
Հռոմի պապը եւ տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը խաղաղության կոչ են արել Ուկրաինայում: Համատեղ հայտարարության մեջ նրանք դիմել են հակամարտության կողմերին՝ խնդրելով երկխոսություն վարել եւ հարգել միջազգային իրավունքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: