Իրաքի անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ' դեկտեմբերի 1-ին իրաքյան օդային ուժերը ռմբակոծել են «Իսլամական պետության դիրքերը Թիրքիթ քաղաքի հյուսիսային հատվածներում, ինչի հետևանքով 17 ահաբեկիչներ են սպանվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մյուս կողմից, թեժ բախումներ են ընթանում իրաքյան բանակի և ԻՊ-ի միջև Թիրքիթի մերձակայքում: Տեղեկություններ կան, որ Ռամադի քաղաքի Հուզ շրջանում ԻՊ-ի 4 անդամներ են սպանվել: Թիրքիթի հարավում ԻՊ-ի հետ բախումների հետևանքով կամավորական ջոկատների 9 անդամներ են զոհվել և վիրավորվել:

 

Իրաքյան ուժերը կանխել են Ռամադի քաղաքի վրա հարձակվելու ԻՊ-ի մի քանի փորձերը: Դիյալա մարզի խորհրդի նախագահ Մասնա աթ Թամիմին հաստատել է, որ մարզի 90 տոկոսն ազատագրվել է ԻՊ-ից: Նրա խոսքով' մնացած հատվածներն ազատագրելու համար ռազմական գործողությունները շարունակվում են :

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

 

Իրաքյան ուժերը միջազգային դաշինքի հետ միասին լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսել ԻՊ-ի դեմ՝ փորձելով հնարավորինս արագ ազատագրել նրանց հսկողության տակ գտնվող տարածքները: