Դեկտեմբերի 9-ին պլանավորված Է Ուկրաինայի արեւելքում զինադադարի գծով միավորված կենտրոնի ներկայացուցիչների հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կիեւում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ՈւԱԱՊԽ) ներկայացուցիչ Անդրեյ Լիսե նկոն:

 

«Դա լինելու Է լակմուսի օր՝ հասկանալու համար, թե ով եւ որքանով Է պատրաստ կատարել Մինսկի պայմանավորվածությունները»,-ասել Է նա: Լիսենկոյի խոսքով՝ «Ուկրաինան պատրաստ Է ապահովել անդորրի օրը եւ կատարել Մինսկի պայմանավորվածությունները»:

 

«Հենց որ մի ամբողջ օր պահպանվի անդորրը, դրանով սկիզբ կդրվի Մինսկի պայմանավորվածությունների կատարման համար, այն Է՝ ծանր սպառազինությունները 15 եւ ավելի կիլոմետր հեռացնելը, պատանդների ազատ արձակումը, ականափակոցների վերացումը, սպառազինությունների հետագա դուրսբերումը եւ տարածաշրջանի ապառազմականացումը»,-ասել Է ՈՒԱԱՊԽ-ի խոսնակը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է նոր նախաձեռնության մասին, որը նպատակամղված է երկրի արեւելքում գործող աշխարհազորայինների հետ փխրուն հրադադարի ամրապնդմանը: Ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ պետության ղեկավարը հայտարարել է դեկտեմբերի 9-ից Դոնբասում «անդորրի օր» սահմանելու մասին:

 

Ուկրաինայի նախագահի վարչակազմի աղբյուրը Agence France-Presse-ին հայտնել է, որ եթե Դոնեցկը եւ Լուգանսկը վերահսկող անջատականները կատարեն զինադադարի պայմանները, ապա Ուկրաինան կկարողանա դեկտեմբերի 10-ից սկսել ծանր տեխնիկայի հետքաշումը ռազմաճակատի գծից:

 

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին ՌԻԱ Նովոստիին հավաստել է, որ իրենք Կիեւի հետ բանավոր պայմանավորվածություն ունեն դեկտեմբերի 9-ից Դոնբասում հրադադար հայտարարելու վերաբերյալ, բայց համապատասխան փաստաթուղթը դեռեւս չի ստորագրվել: