Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն ու Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Արթո Շեմմասը հանդիպել են «Սիրիզա» կուսակցության խորհրդարանական խմբակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու, պատգամավոր Նանտիա Վալավանիին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հունաստանում հատարակվող «Ազատ օր» պարբերականի խմբագրությունից, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հունաստանի պատվիրակության անդամ Վալավանիի հետ հանդիպման հիմնական օրակարգը նվիրված էր ԼՂ հակամարտության կարգավորմանը:

 

Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ներկայացրել է Արցախի հարցի էությունը, Ադրբեջանի կողմից հայկական և ղարաբաղյան սահմանին կրակոցներն ու դիվերսիոն հարձակումները, որոնց հաճախակիությունը վտանգի տակ է դնում տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը: Միաժամանակ շեշտվել է հայ-հունական համագործակցության անհրաժեշտությունը նաև ԵԽԽՎ-ում:

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել ու ավելի ընդհանրական քննարկել հարցերը: