Բարելի նավթի դիմաց 60 դոլար գնի դեպքում ռուբլու հավասարակշիռ փոխարժեքը կազմում է մեկ դոլարի դիմաց 65 ռուբլի, մնացածը խուճապի տարբերագինն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) գլխավոր տնտեսագետ Լյուբոմիր Միտովը:

 

«Իրադրությունը շատ տագնապալի է: Նախ, կան հիմնարար պատճառներ, որոնք ճնշում են ռուբլու վրա: Բայց կան նաև զուտ կոնյունկտուրային հոգեբանական պատճառներ»,- ընդգծել է նա:

 

Միտովը ռուբլու թուլացման հիմնարար պատճառների թվին է դասում ռուսական տնտեսության կառուցվածքային հիմնախնդիրները, արևմտյան պատժամիջոցները և նավթի գների անկումը:

 

IIF-ն առևտրային և ներդրումային բանկերի, հիմնադրամների, ապահովագրական և վաճառամիջնորդային ընկերությունների և այլ ֆինանսական ինստիտուտների գլոբալ ասոցիացիա է, որը միավորում է 70 երկրների գրեթե 500 կազմակերպություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: