Այս տարի Հայաստանից կարտահանվի 2300 տոննա ապրանքային ձուկ, որը շուրջ 500 տոննայով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

 

«Ընթացիկ տարում ձկնաբուծությունը հանրապետությունում ապրել է վերելք. արտադրվել է շուրջ 15 հազար տոննա ձուկ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ավելացել է արտահանման քանակը: Նախարարությունը աշխատանք է իրականացրել արտահանման դյուրինացման ուղղությամբ: Եվ նախարարը, լինելով ՌԴ-ում և հանդիպելով իր գործընկորոջը, աշխատանքներ է տարել, որպեսզի ՀՀ ձկնաբուծական տնտեսությունները, որոնք նախկինում չէին ընդգրկվել ՌԴ արտահանման ցուցակում, նույնպես ստացան իրավունք ձուկ ներմուծել այդ երկիր», - տեղեկացրեց Գրիշա Բաղիյանը:

 

Նախարարի առաջին տեղակալի հավաստմամբ' այս տարի նաև աշխատանքներ են իրականացվել ՌԴ մսամթերք արտահանման ուղղությամբ: Եվ մինչև տարվա վերջ այդ երկրից Հայաստան կժամանեն ռուսական մասնագետներ, ովքեր կուսումնասիրեն մսամթերք արտադրող կազմակերպությունների համապատասխանությունը սանիտարական նորմերին ու դրանց աշխատանքի այլ պայմանները:

 

Խոսելով գնաճի վերաբերյալ' նախարարի առաջին տեղակալը նշեց, որ կենդանական ծագման մթերքների տեղական արտադրության ավելացումը նպաստում է գների աճի զսպմանը: Արտադրության ծավալների ավելացումը հնարավորություն է տվել Հայաստանին որոշ կենդանական ծագման մթերքների մասով լինել ինքնաբավ, ինչի արդյունքում երկիրն այսօր ոչխարի մսի ոլորտում ինքնաբավ է, և վերջին տարիներին նաև իրականացվում է ոչխարի մսի արտահանում:

 

Իսկ տավարի և խոզի մսի մասով ինքնաբավության աստիճանը բարձր է: Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանը կհասնի տավարի և խոզի մսերով լրիվ ինքնաբավության: