Հայ առաքելական եկեղեցին դեկտեմբերի 27-ին նշում է Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակը եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:

 

Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա արհեստով ձկնորս էր: Այս առաքյալին առաջին անգամ տեսնում ենք Հովհաննեսի Ավետարանում, երբ Քրիստոս նրա մասին ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն՝ Պետրոս: Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսն ուրանում է նրան, սակայն հետո խորապես զղջում իր արածի համար: Հոգեգալստից հետո Պետրոսն էր, որ բացատրում է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսում հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցու ծոցում: Ձերբակալվում է Հերովդես թագավորի կողմից, բայց հրաշքով ազատվում բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում՝ գլխիվայր խաչվելով: Իր անունով մեզ են հասել երկու ընդհանրական նամակներ:

 

Ս. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկիզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի վկայության՝ եկել էին Գալիլիայից: Նա արհեստով վրանագործ էր: Այն բազմիցս օգնել է առաքյալին իր ճանապարհորդությունների ժամանակ՝ դառնալով վերջինիս ապրուստի միջոցը: Իր իսկ վկայության համաձայն՝ եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին:

 

Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևում է նրան, որից հետո Սողոսը՝ հետագայի Պողոս առաքյալը, դառնում է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Մկրտվել է Անանիա առաքյալի ձեռքով: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ՝ քարոզելով Աստծո խոսքը: Նրա անունով մեզ են հասել 14 թղթեր:
Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում 67թ. ներոնյան հալածանքների ժամանակ գլխատվելով: