Կյանքեր փրկող նոր ծրագրի շնորհիվ հունվարի 1- ից անվճար սրտի անհետաձգելի վիրահատություն է կատարվել 25 մարդու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ՀՀ առողջապահության նախարարության կողմից և 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած ծրագրի շրջանակում ընդգրկվել են 27 քաղաքացի, նրանցից 25-ին ոչ դեղապատ ստենտ է տեղադրվել, իսկ 2-ին կատարվել է սրտի կորոնոգրաֆիա:
Միջոցառումը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է: Այն ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական պատասխանատվություն է պարտադրում։ Նպատակն է բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կյանքեր փրկել ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելով։ Սուր ինֆարկտների դեպքում սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի ընդլայնման նպատակով ՀՀ 2015թ. պետական բյուջեով հատկացվել է 500 մլն դրամ: Ծրագրում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր մինչ այս ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։ Հայաստանում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում, և ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։
Ինչպես «Արմենպրես»-ին պարզաբանեցին ԱՆ-ից, ամենափոքր իսկ հարցերի դեպքում աշխատում է նախարարության արագ արձագանքման խումբը: «Աշխատանքներն այնպես են կազմակերպվել, որ տարեսկզբին հանգստյան օրերին ծրագրի մեկնարկը ստվերող որևէ շեղում չլինի։ Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող կազմակերպական բոլոր խնդիրները լուծում են ստացել: Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի որակը և արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկում է իրականաց նում նախարարին կից հանձնաժողովը»,- նշում է նախարարությունը։
Դեկտեմբերի վերջին ԱՆ-ն փոխմբռնման հուշագիր է կնքել սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների հետ:
Նախարարությունը նաև զգուշացնում է, որ այս ծրագրի շրջանակում հնարավոր չէ նախապես հերթագրվել. այն կյանք փրկող ծրագիր է, որն ընդգրկում է սրտի անհետաձգելի վիրահատության կարիք ունեցողներին: