Ճապոնիան մտադիր Է մինչեւ 2020 թվականը 2,4 տրիլիոն իեն (շուրջ 20,33 մլրդ դոլար) ծախսել «ռոբոտների հեղափոխություն» (գյուղատնտեսության, բժշկության եւ շինարարության բնագավառում ռոբոտների ակտիվ ներդրումը) իրականացնելու համար: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է երկրի կառավարութ յանն առընթեր հատուկ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունից, որի նիստը հունվարի 23-ին տեղի Է ունեցել վարչապետ Սինձո Աբեի գրասենյակում:

 

«Եվ մասնավոր ընկերությունները, եւ պետական հաստատությունները պետք Է միավորվեն այդ խնդրի իրականացման համար: Այս տարին պետք Է դառնա ռոբոտների հեղափոխության դարաշրջանի սկիզբը»,-վարչապետի խոսքը մեջբերել Է «Կիոդո» գործակալությունը:

 

Ռոբոտների ստեղծում եւ ակտիվ օգտագործում Է պլանավորվում անկողնային հիվանդներին տեղափոխելու եւ բուժանձնակազմի աշխատանքին օգնելու համար, նաեւ ավտոմատ ռեժիմով աշխատող տրակտորների ստեղծում եւ այլ նախագծեր:

 

Կառավարության պլանների համաձայն՝ մինչեւ 2020 թվականը, երբ Տոկիոյում կանցկացվեն Օլիմպիական խաղերը, երկիրը պետք Է հեղաշրջում իրականացնի կյանքի ամենատարբեր ոլորտներում ռոբոտների համատարած օգտագործման առումով: 2,4 տրլն գումարը, որը պլանավորվում Է ծախսել այդ նպատակի համար, 4 անգամ գերազանցում Է ներկայիս ծախսերի չափերը:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, առօրյա կյանքում ռոբոտների ներդրումն անմիջականորեն կապված Է հասարակության ծերացման, աշխատունակ բնակչության կրճատման եւ աշխատատեղերում մարդուն տեխնիկայով փոխարինելու անհրաժեշտության հետ:

 

Աշխարհում Ճապոնիայի հասարակությունն ամենից ավելի արագ Է ծերանում, իսկ արտաքին միգրացիայի խիստ ցածր մակարդակը բարդացնում Է իրավիճակը, ինչն Էլ այս երկրի իշխանությանն ստիպում Է ոչ ստանդարտ որոշումներ ընդունել: