Սիրիական ճգնաժամը երկու շաբաթում կլուծվի արտաքին միջամտության դադարեցման դեպքում: Այս մասին հայտարարել է նախագահ Բաշար Ասադը, որի խոսքերը մեջբերում է Լիբանանյան «Ալ-Ահբար» հրատարակչությունը:
Ասադը Դամասկոսի «Ար-Ռաուդա» պալատում հանդիպել է «արաբական երկրների այցելուների խմբի» հետ և երեքժամյա հանդիպման ժամանակ մանրամասնորեն պատմել է Սիրիայի իրադրության մասին: «Այցելուների խմբի» մասին հրատարակչությունը ոչ մի տվյալ չի ներկայացնում:
Ինչպես հայտարարել է երկրի նախագահը, սիրիական բանակը վերջին ժամանակներս իրեն է վերադարձրել արտասահմանից ֆինանսավորվող զինված խմբավորումների հետ ռազմական գործողությունների իրականացման նախաձեռնությունը և նրանց մի քանի անգամ լուրջ պարտության է մատնել: Սիրիական բանակը 22 ամիսների ընթացքում գրոհայիններին թույլ չի տվել ամբողջական վերահսկողություն սահմանել ևոչ մի նահանգի վրա: Գրոհայինների խմբավորումները հիմնականում գործում են Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի սահմանակից շրջաններում և Դամասկոսի մերձակայքում: Սակայն Սիրիայի մայրաքաղաքը, ներառյալ միջազգային օդանավակայան տանող մայրուղին անվտանգության մեջ են:
Սիրիայի նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Դամասկոսին: Նա ասել է նաև, որ Դամասկոսը կշարունակի համագործակցել ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմիի հետ: Սիրիան, Ասադի խոսքերով, կարողացել է հաղթահարել ճգնաժամի ամենադժվար փուլը, իսկ ներկա պահին կառավարությունը շատ պետք է աշխատի, մասնավորապես, փախստականներին վերադարձնելու և երկիրը վերականգնելու համար: