Գանձասարի վանական համալիրի հարեւանությամբ կառուցված ճեմարանը շուտով կդառնա Արցախի ամենակարեւոր գիտական եւ մշակութային կենտրոններից մեկը: Հենց այդ վայրում այժմ ընթանում են վերակառուցման աշխատանքներ, որպեսզի ճեմարանը վերածվի Մատենադարանի: Կառույցի շինարարական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն մայիսի վերջին եւ հունիսին կկայանա «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի բացումը:
«Այս պահին ընթանում է ակտիվ շինարարական աշխատանք: Կառույցի արտաքին տեսքը չի փոխվելու: Այն հիմնանորոգվում եւ հարմարեցվում է Մատենադարանի պայմաններին: Նախատեսում ենք մինչեւ մայիսի վերջը շինարարական աշխատանքներն ավարտել, որպեսզի հունիսին կայանա կառույցի բացումը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը'շեշտելով, որ «Փյունիկ» համահայկական հիմանդրամը մեծ ներդրում է կատարել կառույցի ստեղծման համար եւ ԼՂՀ կառավարությանը տրամադրել 138 միլիոն դրամ:
Նարինե Աղաբալյանը շեշտում է, որ կառույցի վայրը պատահական չէ: Գանձասարը ոչ միայն Արցախի հոգեւոր, այլեւ գրչության եւ արվեստի կենտրոնն է համարվել: Վանական կենտրոնն ունեցել է ձեռագրատուն, ձեռագրերի հարուստ հավաքածու, որոնց մեծ մասը, ցավոք, դարերի ընթացքում ոչնչացվել է:
«Գանձասարից բացի, Արցախում շատ են եղել գրչության կենտրոններ, ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր: Արցախյան մանրանկարչությունն Արցախի մշակութային ժառանգության կարեւոր բաղադրիչներից է եւ, մատենադարան ստեղծելով, փորձ է արվելու այդ ժառանգությունը պահպանել եւ հանրահռչակել: Փորձելու ենք ժամանակավոր եւ մշտական ցուցադրությունների միջոցով ներկայացնել այդ հարստությունը»,- ասաց Նարինե Աղաբալյանը' շեշտելով, որ Արցախի Մատենադարանը համագործակցելու է Մեսրոպ Մաշտոց ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ եւ համարվելու նրա ստորաբաժին: &laq uo;Մատենադարանում ստեղծվելու են պայմաններ գիտական աշխատանքների համար: Կառույցը ցուցադրության համար նախատեսված մաս էլ է ունենալու: Մատենադարանում մի քանի տարի է պատրաստվում են արցախյան ձեռագրերի ընդօրինակություններ, որոնք կտեղափոխվեն այստեղ մշտական ցուցադրության: Բացի այդ, կլինեն բնօրինակներ: Նախատեսվում է, որ Արցախի մատենադարանի բացման օրը կլինեն բազմաթիվ նվիրատվություններ»,- ասաց Աղաբալյանը' շեշտելով, որ Մեսրոպ Մաշտոց ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը խոստացել է շուրջ հարյուր ցուցանմուշ տրամադարել:
«Վստահ եմ, որ ցուցանմուշների թիվն ավելի մեծ է լինելու եւ բացումից հետո դրանք կավելանան: Զուգահեռաբար հավաքագրման աշխատանքներ են կատարվում: Կան 13-14-րդ դարերից սկսած ձեռագրեր, տարբեր վավերագրեր»,-ասաց Աղաբալյանը:
Արցախի Մատենադարանի շինարարական աշխատանքը ղեկավարում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարութունը եւ ճարտարապետն այն նույն անձնավորությունն է, ով ժամանակին նախագծել է ճեմարանի շենքը:
Նարինե Աղաբալյանը նշում է, որ խորհրդատվության համար դիմել են Արթուր Մեսչյանին, վերջինս, լինելով Գանձասարում, շեշտել է, որ կառույցը շատ համահունչ է եւ Հայաաստանի Մատենադարանի հետ շատ ընդհանրություններ ունի: