Եգիպտական օդային ուժերը փետրվարի 16-ին հարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետության» դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծության արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ի ղեկավարներին պատկանող 5 տներ: Հարվածներն ուղղվել են ԻՊ-ի ռազմական հենակետերին, մասնավորապես, Սայիդա Խադիջա թաղամասին և Շեյհա շրջանին: Սպանվել են ԻՊ-ի 40-50 ահաբեկիչներ:
Եգիպտական օդային ուժերն հարվածներն իրականացրել են լիբիական օդուժի հետ սերտ համագործակցությամբ: Ոչնչացվել են ահաբեկիչերի զինապահեստները, վարժանքների ճամբարները:
Ռմբակոծության հետևանքով 5 խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ:
Եգիպտոսի օդային ուժերի գործողությունները ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ իրականացվել են ի պատասխան ահաբեկիչների կողմից 21 եգիպտացի քրիստոնյաների սպանության: Նրանք առևանգվել էին դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին:
Եգիպտոսի Նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսն իրավունք է վերապահում իրեն արձագանքել Լիբիայում իր քաղաքացիների սպանությանը: Նա 7-օրյա սուգ է հայտարարել: