Կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային լսումների հերթական փուլն անցկացվեց Երևանի պետական համալսարանում: ԵՊՀ ուսանողները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի քննարկմանը: Հանդիպման նպատակն էր հասարակության շահագրգիռ խմբերին իրազեկել ծրագրի մանրամասների մասին և մասնակից դարձնել ծրագրի լրամշակմանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանրային լսումների մեկնարկին նշեց, որ ծրագիրը շատ կարևոր է: «Այն ուղղված է առաջին հերթին ավագ դպրոցի կրթական համակարգի բարեփոխմանը: Այս բարեփոխումների անհրաժեշտությունը միայն Հայաստանում չէ, որ զգացել են, բայց Հայաստանը հետ է մնում շատ հարևան երկրներից: Տագնապը հնչում է ամենուր, և հետխորհրդային երկրներում սկսել են բարեփոխումներ իրականացնել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց ռեկտորը:
«Այբ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը շնորհակալոււթյուն հայտնեց հանրային լսումների մասնակիցներին և նրանց ներկայացրեց Կրթության գերազանցության ազգային ծրագիրը: «Արդեն չորրորդ ամիսն է՝ անցկացվում են հանրային քննարկումներ նաև մարզերում: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ հանրության վերաբերմունքը ծրագրի վերաբերյալ, լսել կարծիքներ և դրանք արտացոլել նախագծի վերջնական տեսքի մեջ և ներկայացնել կառավարությանը: Այն ամենն, ինչ կստեղծվի ծրագրի շրջանակում, կիրառելի կլ ինի նաև սփյուռքի դպրոցներում: Այն ամենն, ինչ ստեղծվում է, հիմնված է ազգային արժեքների վրա»,- պարզաբանեց տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
«Այբ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահի խոսքով՝ ծրագրի նկատմամբ բարձր պահանջներ են դրված, և այն պետք է համապատասխանի միջազգային բարձրագույն չափանիշներին: «Կարևորում եմ, որ ծրագիրն իրականացվում է Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ: Գերազանցություն բառը հուշում է, որ ծրագրի առջև լուրջ նպատակներ կան դրված: Մենք ցանկանում ենք կրթության միջոցով հայտնվել աշխարհի առաջատար երկրների ցանկում: Ուսուցիչները առաքյալներ են. չոր ինֆորմացիա փոխանցելով ոչինչ չի ստացվի: Ուսուցիչն իր գիտելիքներն ավելի մեծ համայնքի հետ պետք է կիսի»,-նշեց տեր Մեսրոպը:
Հանրային լսումների ընթացքում անցկացվեցին քննարկումներ ծրագրի արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև հարցեր ուղղվեցին նախաձեռնողներին: Կարևորվեց, որ բարեփոխումները մեկնարկում են հենց ուսուցիչներից:
Ծրագրի նպատակն է կարևորել ուսուցիչների դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Գործընթացն իրականացվելու է մի քանի փուլով: Ծրագրով նախատեսվում է ՀՀ դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատ (ԱԲ), և պատրաստել ԱԲ-ի որակավորմամբ ուսուցիչներ:
Առաջիկա տասնամյակում Հայաստանը կունենա միջազգային որակավորում ստացած երկու հազար ուսուցիչ, ովքեր պատրաստ են իրականացնելու կրթության գերազանցության ազգային ծրագիրը: Այս մասին 2014 թվականի սեպտեմբերի 13-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպմանը նշել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ցանկացած երկրի ապագան կերտվում է դպրոցում, և ցանկացած կրթական ծրագիր հաջողվում է այն դեպքում, եթե կան համապատասխան որակավորման կադրեր: Դարեր ի վեր ուսուցիչն ունեցել է ամենաբարձր դիրքը հասարակությունում, և այսօր էլ մենք ունենք խնդիր ամրապնդելու այդ դիրքը:
Մեր ուսուցիչները պետք է պատրաստվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ նպատակով Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական համալիրն սկսում են լայնամասշտաբ կրթական ծրագիր, որն անվանվել է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»: Դրա նպատակն է գրավիչ դարձնել կրթությունը և լավագույն մասնագետների միջոցով ձևավորել ուժեղ կրթական համակարգ, ուր յուրաքանչյուր ուսուցիչ իրեն կզգա որպես առաքելություն կատարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել էր ՀՀ Նախագահը: Նա վստահեցրել էր, որ կրթության որակի շարունակական բարձրացումը լինելու է պետական կառույցների գերխնդիրը, սակայն կարևորել նաև հասարակության մասնակցությունն այդ գործընթացում:
Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում: