Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայկական կոտորածների զոհերի հիշատակը ոգեկոչելու և Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հակահայկական գործողությունների մասին տեղեկացնելու համար բողոքի ցույց է կազմակերպվել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: «Ադրբեջանում ապրող հայերի սպանությունները, հալածանքները, ահաբեկումները և տեղահանությունները մինչև 80-ական թվականների վերջերը մարդկության դեմ հանցագործություններ են, որոնց պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջան պետությունը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Agencia Prensa Armenia» գործակալությունը, ասել է Հայ երիտասարդական հիմնադրամի անդամ Արի Ասադուրյանը:

 

Բողոքի ակցիային մասնակցել են Արգենտինայի հայ համայնքի 300 անդամ, Հայկական հարցը պաշտպանող քաղաքական կազմակերպություններ: Ավելին, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի Բուենոս Այրեսի հանձնաժողովն օրեր առաջ հայտարարություն է արել, որում ասվում է, որ «աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերը և նրանց ժառանգները պատրաստվում են ոգեկոչել ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած վատթարագույն աղետի հարյուրերորդ տարելիցը»: Ադրբեջանում հայերի կոտորածները «չեն կարող առանձնացվել թուրքական պետության և Հարավային Կովկասում նրա դաշնակիցների խտրական քաղաքականությունից»: