Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը մարտի 2-ից ի վեր ավելացել է 78-ով, վարակվածներինը՝ 21-ով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մարտի 4-ի երեկոյան հրապարակված տվյալները:

 

Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել է 9 հազար 792 մարդ, վարակվել են 23 հազար 934 բնակիչներ:

 

Լիբերիայում զոհերի թիվը հասել է 40 հազար 117-ի, վարակվածներինը՝ 9 հազար 249-ի: Սիեռա Լեոնեում մահացածներն ավելի քիչ են՝ 3 հազար 546, բայց վարակվածներն ավելի շատ են, քան որեւիցե այլ երկրում՝ 11 հազար 466 մարդ: Գվինեայում համապատասխան ցուցանիշները կազմում են 3 հազար 219 եւ 2 հազար 129:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ վարակվել է 20 մարդ, մահացել են 8-ը: