Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանի ուղղությամբ միջազգային դաշինքի ռմբակոծության հետևանքով 30 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, գործարանը գտնվում է Թել Աբյադ գյուղաքաղաքի հյուսիս-արևելյան հատվածում՝ «Իսլամական պետության» վերահսկողության տակ: Սիրիացի ակտիվիստների խոսքով' զոհերի թվում գործարանի աշխատակիցներ և իսլամիստներ կան:
ՄԱԿ-ի գնահատմամբ, ԻՊ-ի օրական եկամուտը նավթից կազմում է 846 հազարից մինչև 1,6 միլիոն դոլար:
ԱՄՆ-ի զինված ուժերի գեներալ Մարտին Դեմբսին, ով այսօր ժամանել է Բաղդադ, հայտարարել է, որ սխալ է ակտիվացնել միջազգային դաշինքի հարվածները ԻՊ-ի դեմ՝ ավելացնելով, որ հարվածների ակտիվացումը կարող է վտանգավոր լինել խաղաղ բնակիչների համար: Նա շեշտել է, որ անհրաժեշտ է ավելացնել ամերիկացի զինվորների թիվն Իրաքում:
ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ միջազգային դաշինքը 24 ժամվա ընթացքում 13 օդային հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերին: Հարվածների մեծամասնությունը ուղղվել է Իրաքում իսլամիստների դիրքերի ուղղությամբ: Հարվածներից երկուսն ուղղվել են Հուեյջա գյուղաքաղաքի ուղղությամբ՝ ոչնչացնելով մարտական ստորաբաժանումներ: Ռմբակոծության են ենթարկվել Ֆալլուջա, Քիրքուք, Հադիսա, Մոսուլ քաղաքների մոտ գտնվող ահաբեկիչների դիրքերը:
Սիրիայում հարվածն ուղղվել է Քոբանի քաղաքի ուղղությամբ:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: