Կիեւին ռազմական օգնության նոր խմբաքանակ հանձնելու Վաշինգտոնի հայտարարության կապակցությամբ ՄԱԿ-ը կոչ է արել երկրներին՝ կենտրոնանալ Ուկրաինայի արեւելքում հումանիտար գործողությունների ֆինանսավորման վրա, ինչպես նաեւ դրդել Դոնբասի հակամարտության կողմերին՝ կատարելու Մինսկի համաձայնությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը մարտի 12-ին արել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

 

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գործակալությունը պահպանում է ներկայությունն Ուկրաինայի արեւելքում՝ «փորձելով տեղ հասցնել որքան կարելի է շատ հումանիտար օգնություն»: «Մենք մեկ անգամ եւս խնդրում ենք անդամ երկրներին միջոցներ փոխանցել Ուկրաինայում հումանիտար գործողությունների հիմնադրամ, որը, ինչպես եւ հումանիտար այլ հիմնադրամներից շատերը, պատշաճ կերպով ֆինանսավորված չէ: Մենք նաեւ կենտրոնացած ենք այն բանի վրա, որ դրդենք կողմերին՝ կատարելու Մինսկի միջոցառումների փաթեթը»,- ասել է Դյուժարիկը:

 

Ուկրաինային ցուցաբերվող հումանիտար օգնության պլանը, որը փետրվարի 24-ին ներկայացվել է Կիեւում, գնահատվում է 316 մլն դոլար: Այդ միջոցները պետք է բավականացնեն Ուկրաինայի արեւելքում հակամարտության հետեւանքով տուժած 3,2 մլն բնակիչների օգնելու համար:

 

Իր հերթին Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդը մարտի 11-ին որոշում է ընդունել 17,5 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային օգնության չորսամյա ծրագրի շրջանակներում:

 

ԱՄՀ-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ է օգնություն հատկացնում Ուկրաինային, որի տնտեսությունը սնանկացման եզրին է:

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ԱՄՀ-ն հանրապետությանն ընդլայնված վարկային օգնություն է տրամադրել անցկացված բարեփոխումների շնորհիվ: Նրա խոսքով՝ առաջին վարկաբաժինը կկազմի 5 մլրդ դոլար:

 

Այդ ծրագիրը երկրի համար ճանապարհ է բացում եւս 7,5 մլրդ դոլար ստանալու համար, նշել է Յացենյուկը:

 

Ընդհանուր առմամբ Ուկրաինան չորս տարվա ընթացքում կստանա 25 մլրդ դոլար:

 

Վարչապետը հայտարարել է, որ այդ փողերը թույլ կտան կայունացնել տնտեսությունը, ֆինանսական հատվածը եւ արժույթի փոխարժեքը, ինչպես նաեւ հնարավորություն կտան տնտեսական աճի հասնելու 2016 թվականից:

 

Նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՀ-ի այդ որոշումը համարել է Ուկրաինայի նկատմամբ քաղաքակիրթ աշխարհի վստահության եւ աջակցության նշան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: