Թուրքիայում, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իշխանությունները երկիրը աշխարհիկ գաղափարախոսությունից տանում են իսլամացման, հանրապետության հիմնադիր Աթաթուրքի անվան հետ կապված նոր աղմուկ է բարձրացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական մամուլը, Թուրքիայի Այդըն քաղաքի Դիդիմ թաղամասի հրապարակում գտնվող Աթաթուրքի արձանը չընկնելու համար քաղաքապետարանի աշխատակիցներն այն պարանով կապել են պատվանդանի պատին: Բնակիչները բողոքել են, որ արձանն այդ վիճակում է հայտնվել անցյալ տարվա հունիսին եւ իշխանությունների անտարբերության երեսից Աթաթուրքը շարունակում է պարանով պատին կապված մնալ մինչ օրս:
Բնակիչները բողոքել են, որ արտասահմանցի բազմաթիվ զբոսարջիկներ են այցելում Դիդիմ, որոնք երկրի հիմնադիրի արձանը տեսնում են նման ամոթալի վիճակում:
Նրանց խոսքով' Դիդիմում կանգնեցված է Աթաթուրքի քաղաքացիական հագուստով ամենամեծ արձաններից մեկը, իսկ քաղաքապետը, ով Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է, կատարյալ անտարբերություն է ցուցաբերում իր առաջնորդի նկատմամբ, եւ անգամ առանց ամոթ զգալու պաշտոնական արարողություններ է անցկացնում պարանով կապված Աթաթուրքի արձանի առաջ:
Թուրքական ԶԼՄ-ներում հաճախակի են Աթաթուրքի արձանը պղծվելու, վրան ներկ լցնելու, վայր գցելու կամ ջարդելու մասին տեղեկությունները, ինչը սովորական է դարձել 2003 թվականին Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո: